ՀՅԴ-ն սկսում է թանկացնել իրեն

«Քառյակը գործում է՝ ի հեճուկս բոլոր չարախոսների»,- այսօր քառյակի հանդիպման ավարտից հետո հայտարարեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Քառյակի գործունեության շարունակականության միակ խոչընդոտը այս պահին ՀՅԴ-ն է, որը դեռ չի հստակեցրել նոր ձևավորվող կառավարության նկատմամբ ունեցած վերաբերմունքը:

ՀՅԴ-ականները այդպես էլ հստակ չեն պատասխանում այն հարցին, թե իրենք կարո՞ղ են մաս կազմել կառավարությանը, թե՞ կմնան ընդդիմություն: Նույնիսկ քառյակի հավաքին մասնակցած այլ կուսակցությունների ներկայացուցիչների համար է անորոշ մնացել ՀՅԴ-ի դիրքորոշումը: Արմեն Ռուստամյանը, բոլոր այդ հարցերին ի պատասխան, ասում է, որ ապրիլի 18-20-ին Երևանից դուրս տեղի է ունենալու ՀՅԴ Գերագույն ժողովը, որի ընթացքում էլ հստակեցվելու է իրենց դիրքորոշումը:

Չնայած վերջնական որոշում կայացնելու է ՀՅԴ Գերագույն ժողովը, բայց Արմեն Ռուստամյանի պատասխաններից կարելի էր եզրակացնել, որ իրենք այնքան էլ բավարարված չեն իշխանությունների հետ վարվող բանակցությունններից: ՀՅԴ-ն կառավարությանը մաս կազմելու համար որպես նախապայման՝ ներկայացրել է յոթ կետից բաղկացած մի փաստաթուղթ, և հայտարարել, որ պատրաստ են մասնակցել կառավարության ձևավորմանը, եթե այդ կետերն ընդունվեն:

Դրանցից երկուսը վերաբերում են արտաքին քաղաքականությանը. Թուրքիայի հետ ստորագրված արձանագրություններից Հայաստանի ստորագրության հետկանչին  և Ղարաբաղի հետ ռազմաքաղական դաշինքի ստորագրմանը: Արմեն Ռուստամյանն ասում է, որ, եթե նույնիսկ արտաքին քաղաքականությանը վերաբերող իրենց առաջարկություններն էլ մի կողմ դրվեն, ապա միևնույն է, իրենք իշխանության հետ չեն կարողանում համաձայնության գալ ներքին հարցերում: Դրանցից մեկը վերաբերում է 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու առաջարկին:

Ըստ Ռուստամյանի՝ իշխանությունները կարծես թե ընդունում են այս առաջարկը, բայց ասում են, որ դա կարող է լինել աստիճանաբար, մինչդեռ իրենք տեսնում են իշխանության թաքուն ցանկությունը պահպանելու մեծամասնական ընտրակարգը: Դաշնակցականները տեսնում են, որ իշխանությունն ուզում է ամեն գնով պահպանել մեծամասնություն ձևավորելու իր հնարավորությունը: «Խնդիր է դրված՝ ամեն գնով մեծամասնություն պահպանել»: Ռուստամյանն ասում է, որ ինքը տեսնում է, թե իշխանություններն ընտրությունները դիտում են ոչ թե՝ որպես իշխանության  ներկայացուցչական մարմիներ ձևավորելու միջոց, որտեղ քաղաքական ուժերը ներկայացված կլինեն՝ ըստ իրենց ունեցած հասարակական ազդեցության, այլ՝ որպես գործող մեծամասնությունը պահպանելու հնարավորություն:

ՀՅԴ առաջարկներից մեկն էլ վերաբերում է ընդդիմությանը վերահսկողական գործառույթներ տալուն. ըստ այդմ, պետք է ստեղծվի հակակոռուպցիոն գործակալություն, որի ձևավորումը պետք է վստահվի ընդդիմությանը, և այդ գործակալությունը լիազորված պետք է լինի վերահսկելու իշխանությունների գործունեությունը: Այս հարցում ևս իշխանությունները հակված չեն ընդունելու իրենց առաջարկը:

Այն հարցին, թե իրենց 7 առաջարկների ո՞ր մասն է բավարարված, ո՞րը՝ մերժված, և ո՞ր մասի շուրջ է, որ բանակցությունները շարունակվում են, Արմեն Ռուստամյանը որևէ հստակ պատասխան չտվեց: Ըստ էության, նրա պատասխաններից պարզ էր, որ Դաշնակցությունն ավելի հակված է մերժելու կառավարության ձևավորմանը մասնակցելու իրենց ուղղված առաջարկը: «Մենք մեր ընդդիմադիր կեցվածքը պահպանելու ենք՝ մինչ 7 կետերը լիարժեք չընդունվեն: Երկրորդական-երրորդական հարցերում համաձայնությունը մեզ չի բավարարում»,- հայտարարեց Ռուստամյանը:

Այն, որ ՀՅԴ-ն չի մասնակցի կառավարության ձևավորմանը, պարզ էր նաև Արմեն Ռուստամյանի՝ այլ հարցերի շուրջ արված հայտարարություններից: Մասնավորապես, նա պատմեց, որ քառյակը որոշել է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով հստակություն կմտցվի Սահմանադրական դատարանի կողմից ընդունված որոշումների մասով: Այդ նախաձեռնությունը քննարկելու համար քառյակը որոշել է ապրիլի 28-30-ը կայանալիք խորհրդարանի քառօրյայի ժամանակ հավաքել 44 ստորագրություն և արտահերթ նիստ գումարել:

«Մեծամասնությունը կհասկանա, որ այդ նիստից բացակայելը հակասահմանադրական կեցվածքի դրսևորում է»,- ասում է Արմեն Ռուստամյանը: Դաշնակցությունը կառավարության մասով իր դիրքորոշումը հստակեցնելու է մինչև այդ նիստը` ապրիլի 20-ին, և, եթե ՀՅԴ-ում կառավարության ձևավորմանը մասնակցելու տրամադրություններ լինեին, ապա ՀՅԴ-ն կհրաժարվեր համատեղ օրենսդրական նախաձեռնությանը մասնակցելու գաղափարից: Որովհետև կառավարության ձևավորմանը մասնակցելու դեպքում արտահերթ նիստի ժամանակ ՀՅԴ-ն հանդես կգար արդեն կառավարության կազմում և ստիպված կլիներ պաշտպանել օրենքի գործող դրույթները և ոչ թե՝ կլիներ նրանց հետ, ովքեր առաջարկում են փոխել գործող օրենքը:

Տեսանյութեր

Լրահոս