Ոռոգման համակարգը Սևանից հավելյալ ջրառի կարիքն ունի
Գարնան գյուղատնտեսական աշխատանքների, մասնավորապես ոռոգման շրջանի մեկնարկին զուգահեռ ԶԼՄ-ներով, հանրային-հասարակական հարթակներում հաճախ են մտահոգություններ հնչում Արարատյան դաշտում ստորգետնյա ջրային պաշարների նվազման և դրանով պայմանավորված ոռոգման ջրի որոշակի դեֆիցիտի շուրջ, հաճախ նաև սխալ մեկնաբանություններ ու թյուր կարծիքներ ներկայացվում, ցավոք, նաև անհարկի շահարկումների տեղիք տալիս, ինչն իր հերթին ավելորդ լարվածություն, հուսալքություն է առաջացնում ջրօգտագործողների մոտ:
Խուսափելու համար նման իրավիճակներից, ՏԿՆ ՋՏՊԿ Ջրային տնտեսության ԾԻԳ-ը հարկ է համարում` սթափ գնահատելով հանդերձ ստեղծված իրադրությունը, ներկայացնել նաև կատարվող քայլերն ու խնդրի լուծման ճանապարհները: Իսկ բոլոր այդ քայլերի նպատակն առաջնահերթ մեր երկրի շտեմարանը համարվող Արարատյան դաշտավայրում ոռոգվող հողատարածքների անխափան սպասարկումն է և ջրօգտագործողին բավարար չափով ջրի մատակարարումը:
Արարատյան դաշտավայրի ստորգետնյա ջրերի ավազանում ջրի մակարդակի անկման հետևանքով դադարում են գործել ինքնաշատրվանող հորեր և աղբյուրներ՝ առաջացնելով դեֆիցիտ ոռոգման համակարգերում:
Իրավիճակը փրկելու և մշակվող հողատարածքները ոռոգման ջրով ապահովելու նպատակով իրականացվել են մի շարք միջոցառումներ. խորքային հորերի վերականգնում, նոր հորերի հորատում, նախկինում առկա ինքնաշատրվանող հորերի կահավորում պոմպերով, նոր պոմպակայանների և ջրագծերի կառուցում, դիզելային շարժական պոմպերի ձեռքբերում և կիրառում, կառավարման խստացում և այլն:
Վերջին չորս տարիների ընթացքում նշված միջոցառումների շրջանակում վերականգնվել է նախկինում շահագործումից դուրս եկած 38 խորքային հոր, պոմպային ագրեգատներով նախկինում ինքնաշատրվանող 37 հոր է կահավորվել, հորատվել է 8 նոր խորքային հոր, կառուցվել է 2 պոմպակայան, կառուցվել է 21.7 կմ ջրագիծ, 7.2 կմ ջրանցք, վերանորոգվել և ավելացվել են 5 պոմպային կայանների հզորություններ: Իրականացված աշխատանքների արդյունքում ապահովվել է 52 համայնքների 4888 հա անջուր մնացող հողատարածքների այլընտրանքային ջրամատակարարումը:
Սակայն անգամ այս ծավալով իրականացված միջոցառումները ամբողջովին չեն լուծում ջրաղբյուրների՝ տարեցտարի սրվող դեֆիցիտը: Այդպիսի աղբյուրներից է սկիզբ առնում և սնվում Սև ջուր գետը: Այն իր հերթին ջրաղբյուր է հանդիսանում ոռոգման ջրանցքների և պոմպային կայանների համար: Աղբյուրների ջրատվության կրճատման շարունակական դինամիկայի հետևանքով Սև ջուր գետի ջրատվությունը ևս խիստ կրճատվել է:
Արդյունքում ջրի սակավությունը զգալի դեֆիցիտ է ստեղծում ոռոգման համակարգերում: Դրանցից խոշորներն են` Արևշատի I աստիճանի, Ակնալճի, Մեծամորի և Զարթոնքի պոմպային կայանները:
Արևշատի I աստիճանի պոմպակայանը համարվում էր դոտացիոն, որի միջոցով Սև ջուր գետի ջուրը տեղափոխվում էր Ստորին Հրազդան ջրանցք՝ ապահովելով 23 համայնքների 5487 հա տարածքների ոռոգումը:
Ակնալճի պոմպային կայանը ապահովում է Ակնալճի Վերին և Ներքին ջրանցքների սպասարկման գոտու 5 համայնքների 965 հա տարածքների ոռոգումը:
Մեծամորի պոմպակայանը հեռացնող ջրանցքի միջոցով ապահովում է 3 համայնքների 675 հա հողատարածքների ոռոգումը:
Զարթոնքի պոմպակայանն ապահովում է 4 համայնքների 1067 հա հողատարածքների ջրապահովումը:
Ստեղծված իրավիճակում այսօր ընդհանուր առմամբ 33 համայնքների 8194 հա հողատարածքների ոռոգումը վտանգված է Սև ջուր գետի սակավաջրության պատճառով:
Ստորին Հրազդան ջրանցքում Ռանչպար I աստիճանի պոմպային կայանի առավելագույն հզորությամբ աշխատելու պայմաններում դեֆիցիտը մայիսի III տասնօրյակից մինչև օգոստոսի III տասնօրյակն ընկած ժամանակահատվածում կկազմի 22.4 մլն.խ.մ: Ակնալճի պոմպային կայանով պահանջարկը կապահովվի մասնակի` բավարարելով միայն Ակնալճի ներքին ջրանցքի ոռոգման ջրի պահանջարկը, ջրի դեֆիցիտը Վերին ջրանցքում կկազմի 10.6 մլն.խ.մ:
Մեծամորի պոմպային կայանի իշխման տակ գտնվող տարածքների ոռոգման ջրի պահանջարկը մասնակիորեն կապահովվի Արմավիրի մայր ջրանցքից վերջին վերանորոգումների արդյունքում հնարավոր դարձած դոտացիայի միջոցով: Զարթոնքի պոմպային կայանի ջրի դեֆիցիտը ծածկելու համար կպահանջվի 6 մլն.խ.մ ոռոգման ջուր:
Սև ջուր գետի ջրասակավության պատճառով ոռոգման համակարգում առաջացած ընդհանուր առմամբ 39 մլն.խ.մ դեֆիցիտը հնարավոր է ծածկել Սևանա լճից լրացուցիչ ջրառի հաշվին` անհրաժեշտ ջրի ծավալները տեղափոխելով Արզնի-Շամիրամ և Ստորին Հրազդան ջրանցքներով: Նշված ծավալները համակարգի պահանջվող հատվածներում ապահովելու համար` հաշվի առնելով ոռոգման և էներգետիկ համակարգերում տեղի ունեցող կորուստները, անհրաժեշտ կլինի Սևանա լճից լրացուցիչ բացթողնել 72.2 մլն.խ.մ ջուր: Այս պատճառով լճից բացթողնվող առավելագույն տարեկան ջրաքանակ է առաջարկվել 240 մլն.խ.մ-ն:
Ներկայումս Սև ջուր գետի ավազանի ջրային պաշարներն ունեն նվազման դինամիկա: Գետի ջրատվության վերականգնման կամ բարելավման դեպքում բացթողումները Սևանից չեն իրականացվի առավելագույն չափաքանակներով:
ԶԼՄ-ներով հաճախ են ներկայացվում Արարատյան դաշտավայրի որոշ գյուղերի տնամերձերի անբավարար ջրամատակարարման` դեռևս նախորդ տարի արձանագրված դեպքեր, նույնը կանխատեսելով նաև այս տարի: Հիշեցնում ենք, որ տնամերձերի ոռոգման ջրի պակասը ևս պայմանավորված է ներկայացված հիմնախնդրով և որպեսզի, կրկնում ենք, շահարկումներից զերծ մնանք, կից ներկայացնում ենք նաև ջրասակավ երեսուներեք համայնքների ցանկը:
Հարգելի լրատվամիջոցներ, հաշվի առնելով, որ ոռոգման շրջանը նոր է մեկնարկում, ակնկալում ենք ձեր համագործակցությունն ու սրտացավությունը՝ մեր աշխատանքները լարված այս շրջանում պատշաճ կազմակերպելու ակնկալիքով:
Հավելյալ տեղեկացնենք նաև, որ մեր գրասենյակում և ջրօգտագործողների բոլոր ընկերություններում շուտով կմեկնարկի թեժ գծի ծառայություն, որն օպերատիվ կապ կպահպանի բոլոր ջրօգտագործողների հետ, իսկ բարձրացված խնդիրներն իրենց լուծումներով կներկայացվեն հանրությանը մասնավորապես ՋՏՊԿ և ԾԻԳ-ի կայքերով, ֆեյսբուքյան մեր էջով/ Ջրային տնտեսության ԾԻԳ/ :
Սակավաջուր գյուղերի ցանկ /Արմավիրի մարզ/
- Ակնալիճ 9. Արազափ 17. Արագած 25. Այգեշատ
- ք.Մեծամոր 10. Զարթոնք 18. Հայթաղ 26. ք. Վաղարշապատ
- Արշալույս 11. Արտաշար 19. Ֆերիկ 27. Մրգաստան
- Գրիբոյեդով 12. Եղեգնուտ 20. Ծիածան 28. Ծաղկունք
- Առատաշեն 13. Դողս 21. Սամաղար 29. Արտիմետ
- Խորոնք 14. Աղավնատուն 22. Հովտամեջ 30. Նորակերտ
- Տարոնիկ 15. Ամբերդ 23. Շահումյան 31.Բաղրամյան
- Վարդանաշեն 16. Ծաղկալանջ 24. Դաշտ 32.Մերձավան
33. Այգեկ
Ջրային տնտեսության ԾԻԳ