 
                        Ծառատունկ-շաբաթօրյակները կշարունակվեն մինչև մայիսի 1-ը
 
                                    Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, նախքան օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել աշխատակազմի բոլոր ստորաբաժանումներին՝ ապրիլի 12-ին մայրաքաղաքում հայտարարված համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկը հավուր պատշաճի կազմակերպելու և անցկացնելու համար:
Քաղաքապետը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր այն պետական և մասնավոր կառույցներին, որոնք ակտիվորեն մասնակցել են իրականացված աշխատանքներին:
Խորհրդակցության շրջանակում մայրաքաղաքում ընթացող կանաչապատման աշխատանքների հետ կապված՝ բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ 2014-ի կանաչապատման ծրագրերի շրջանակում արդեն իսկ մեկնարկել են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքները:
Զուգահեռ զեկուցվել է, որ բոլոր վարչական շրջաններում իրականացվում է ճմապատում և կրապատում, շարունակվում է նաև ծառերի սանիտարական էտը: Քաղաքապետը հանձնարարել է մինչև մայիսի 1-ը շարունակել մայրաքաղաքում ծառատունկերի կազմակերպումը՝ զուգահեռ տեղերում կազմակերպելով նաև տարածքների մաքրման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        