Ֆրանսիայի արտգործնախարարը երեսնամյա ընդմիջումից հետո առաջին անգամ ժամանել է Կուբա
La Segunda պարբերականի փոխանցմամբ` Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը երեկ ժամանել է Կուբա: Դա աննախադեպ իրադարձություն է վերջին 30 տարվա համար, որ Ֆրանսիայի արտգործնախարարը ժամանի Կուբա:
Ֆաբիուսը հանդիպել է Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգեսի հետ և ընդգծել է ԵՄ-ի ու Կուբայի միջև երկխոսություն սկսելու կարևորությունը` հարաբերությունների կարգավորման և առևտրի ծավալման համար: Այդ մասին բանակցությունների առաջին փուլը Հավանայում կանցկացվի ապրիլի վերջին:
Կուբայի ԱԳՆ-ը հայտնել է, որ Ռոդրիգեսի ու Ֆաբիուսի հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Կուբայի ու Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները զարգանում են բարեհաջող, և որ կողմերը մտադիր են հետագայում էլ ավելի խորացնել առևտրա-տնտեսական կապերը:
Ֆաբիուսի հետ միասին Կուբա է ժամանել ֆրանսիացի ձեռնարկատերերի խոշոր պատվիրակություն, պլանավորված է Հավանայում բացել կազմակերպության գրասենյակ, որը կաջակցի կուբայական շուկայում գործող ֆրանսիական բիզնեսին:
Ներկայումս մոտ 60 ֆրանսիական ընկերություն իր ներկայացուցչությունն ունի Կուբայում: Ֆրանսիան Կուբայի հիմնական առևտրային գործընկերների թվում զբաղեցնում է 10-րդ տեղը (Եվրոպայում` 4-րդ տեղը):