Ռ.Քոչարյանը կարձագանքի թե՛ Ս. Սարգսյանի հայտարարությանը, թե՛ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգին. 1in.am
Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի և Սերժ Սարգսյանի հայտարարությունների մասին իր տեսակետը հաստատ հայտնելու է: Այդ մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ հեռախոսազրույցում ասել է Ռ.Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ երեկ հրապարակվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը և արդեն հասցրել է դառնալ բուռն քննարկումների առարկա: Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություն էր արել: Նախ նա այսպիսի հայտարարություն էր արել. «Քննարկումների փուլը սկսելուց առաջ պաշտոնապես հայտարարում եմ, որ ես՝ Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»:
Քաղաքական շրջանակներում կարծիքներ են հնչում, թե Ս.Սարգսյանն այս հայտարարությունը միայն իր մասին չի հնչեցրել, նա դա արել է նաև Ռ.Քոչարյանի համար: Եվ այսպիսով նա Ռ.Քոչարյանին հասկանալ է տալիս, որ նախկին նախագահն էլ չպետք է մտածի վերադառնալու մասին: Այսպիսով՝ կարծիք կա, թե Ս.Սարգսյանի՝ «մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում» հայտարարությանն ու այն սահմանադրական նորմ դառնալու հեռանկարին իրականում դեմ է Ռ.Քոչարյանը: Եվ դա արտահայտում է ԲՀԿ-ի միջոցով: Այժմ Ռ.Քոչարյանը ուսումնասիրում է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Վ.Սողոմոնյանը կայքի հետ զրույցում նաև ասել է, թե ամբողջ փաթեթը՝ և՛ Ս.Սարգսյանի հայտարարությունը, և՛ սահմանադրական փոփոխությունների փաթեթը, երեկ երեկոյան փոխանցել է նախկին նախագահին, բայց դեռ արձագանք չի ստացել:
«Ես կարծում եմ, որ կունենանք: Չեմ կարող ասել՝ երբ, ժամկետ չեմ կարող նշել, բայց կարծում եմ, որ կունենանք: Բացի դրանից՝ եթե հիշում եք, ես մի քանի օր առաջ ասել էի, որ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագահը պատրաստվում է իր տեսակետները հայտնել: Կարծում եմ, որ այդ ամբողջը միաժամանակ կլինի: Բայց նորից եմ ասում, որ ժամկետների վերաբերյալ ոչինչ ասել չեմ կարող: Դա արագ կլինի, մոտակա օրերին կլինի, թե երբ կլինի՝ դժվարանում եմ ասել: Բայց առաջիկայում հաստատ կլինի»,- եզրափակել է Վ.Սողոմոնյանը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: