«Հետաքննող լրագրողները» դատարան հայց է ներկայացրել «Առաջին լրատվական»-ի դեմ

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությունը դատարան հայց է ներկայացրել «Առաջին լրատվական» ՍՊԸ-ի դեմ: Հայցվոր «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը կարծում է, որ խախտվել են իր հեղինակային իրավունքները, և պահանջում է վերացնել հեղինակային իրավունքի խախտումները և փոխհատուցում վճարել:

Այսօր Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր այս գործով առաջին դատական նիստը: Դատական նիստերի քարտուղարը հայտնեց, որ դատական նիստին չի ներկայացել պատասխանողը, ով պատշաճ ծանուցված է եղել նշանակված նիստի մասին:

Դատական նիստի ընթացքում հայցվորի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանը հայցադիմումը լրացնելու մասին դիմում ներկայացրեց. նրա խոսքով՝ հայցադիմումը ներկայացնելուց հետո պատասխանողը վերցրել է հեղինակային իրավունքի օբյեկտ հանդիսացող նյութեր՝ առանց պատշաճ հղման: Դատավոր Ալեքսեյ Սուքոյանը հետաձգեց դատական նիստը՝ հաջորդը նիստը նշանակելով հունիսի 9-ին:

Դատական նիստի ավարտից հետո «Հետաքննո լրագրողներ» հ/կ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն ասաց, որ «Առաջին լրատվականի» բլոգը առանց պատշաճ հղման վերցրել է «Հետքի» մի քանի նյութեր. «Խախտել է «Հեղինակային իրավունքի մասին» և «Քաղաքացիական օրենսգրքի» հեղինակային իրավունքին վերաբերող որոշ հոդվածներ: Դիմել ենք դատարան՝ պահանջելու վերականգնել հայցվորի իրավունքը՝ այն է՝ կայքից հեռացնել կամ օրենքին համապատասխանեցնել հղումները»:

Կարդացեք նաև

Գ. Բալասայանի խոսքով՝ իրենք պահանջում են փոխհատուցում 200 հազար դրամի չափով, ինչպես նաև փաստաբանին վճարված գումարի փոխհատուցում: Գ. Բալասանյանն ասաց, որ սկզբնական հայցադիմում ներկայացրել են առանց պատշաճ հղման տեղադրված 2 նյութ, իսկ լրացված հայցադիմումում՝ ևս 6-ը:

Մեր հարցին՝ արդյոք մինչև դատարան դիմելը փորձե՞լ են կապ հաստատել լրատվամիջոցի հետ և պարզաբանում ստանալ, Գ. Բալասանյանը պատասխանեց. «Բազմիցս փորձել ենք նույն սոցիալական կայքերում, երբ տարածում էին մեր նյութերը, մեկնաբանության ձևով դրանց տակ գրում էինք, որ՝ խնդրում եմ՝ պատշաճ հղում տվեք, և այլն: Որևէ փոփոխություն չկար, ուստի անիմաստ էր այլևս զգուշացնելը, դրա համար դիմեցինք դատարան»:

Տեսանյութեր

Լրահոս