Երբ Տիգրան Սարգսյանի ձեռքերն ու ոտքերը արձակեցին, նախընտրեց գնալ տուն. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է.  Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ձախողումները նրա քաղաքական կնքահայր, նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը, ի լուր աշխարհի, պայմանավորել էր նրա ոտքերն ու ձեռքերը կապված լինելու հանգամանքով: «Ես լինեի Սերժ Սարգսյանի փոխարեն, Տ. Սարգսյանին կթողնեի, լիազորություններ կտայի, լրիվ այն լիազորությունները, որ պետք են վարչապետին… Ձեռքերն ու ոտքերն արձակիր, ու եթե չի ստացվում, նոր հանիր»,-ասել էր ժամանակին Վազգեն Մանուկյանը, ով քաղաքական դաշտում պատահական մարդ չէ: Մեր երկրի առաջին վարչապետն է եղել, այժմ ղեկավարում է նախագահին կից Հանրային խորհուրդը, ասում են՝ շատ հարցերում Սերժ և Տիգրան Սարգսյանների խորհրդատուն է: Հնարավո՞ր է Վազգեն Մանուկյանի այդ սկանդալային հայտարարությունն իր սև գործն արեց, օրինակ, անսալով իր հորդորին՝ ազատ արձակեցին, ապա հանեցին, ինչպես իր սցենարում էր:
«Կգա վարչապետը, կտեսնենք, թե ինչ է անում»: Մեր պնդմանը, թե ամեն դեպքում հնարավոր է, իր հորդորին անսալով, Տ. Սարգսյանին լիազորություններ տալուց հետո հանեցին, Վազգեն Մանուկյանը նեղսրտեց. «Է՜, լավ, լավ, ավարտեցինք… ռոմանտիկ բաների մասին ենք խոսում…»: Ըստ Վազգեն Մանուկյանի, նոր նշանակվողը պետք է նախևառաջ կառավարման որոշակի փորձ, տնտեսության հետ առնչություն, լայն կրթություն ունեցող մարդ լինի, քանի որ վարչապետը միայն տնտեսություն չէ:

«Գիտություն է, մշակույթ է, կրթություն է, էկոլոգիա ու հազարավոր այլ հարցեր կան, և, միևնույն ժամանակ, պետք է լինի ազնիվ, որովհետև Հայաստանում արդարության պայքարի համար մարդիկ պետք է լինեն, որոնք ազնվորեն են իրենց գործն անում, և չորրորդ հարցը. հիմա աշխարհում բավական լուրջ փոփոխություններ են կատարվում, և արտաքին քաղաքականությունն սկսում է շատ կարևոր դեր խաղալ, մանավանդ որ Եվրամիության ու Ռուսաստանի, ինչը նշանակում է՝ Մաքսային միության միջև բավական խորը խոչընդոտներ կան, պիտի լինի մարդ, որն ընդունելի լինի ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի կողմից»,-ասաց նախկին վարչապետը: Թե ով կարող է լինել այդպիսին, անկեղծացավ. «Բայց այդպիսի մարդ գտնել Հայաստանում, ինձ թվում է, գրեթե հնարավոր չի»:

Մինչդեռ լրահոսի «վարար աղբյուրներում» ալեկոծվող ամենահավանական թեկնածուն ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն է, որը վաղուց է աչք դրել վարչապետի աթոռին: Այս թեկնածուն մի շարք ուժերի որդեգրած քաղաքական կուրսի հանգուցալուծումն է, իսկ ժողովրդի՝ գալիքի փոփոխությունների աղոտ հույսերը ոչնչացնող բոթ:

Իհարկե, շրջանառվող բոլոր թեկնածուների հանդեպ էլ հանրային խորշանք կա և, առհասարակ, այն ամենի հանդեպ, ինչը կապվում է այս իշխանությունների հետ, բայց Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը կատակ բան չէ:

Ոչ ոք չի մոռացել նրա աշխարհացունց հայտարարությունը, որ քաղաքականությամբ զբաղվելու համար խելք պետք չէ: Արդյո՞ք վարչապետի պաշտոնի համար նույնպես խելքի ու ինտելեկտի անհրաժեշտություն չկա, հատկապես որ խելքով, ինտելեկտով ու բազմակողմանի զարգացածությամբ օժտված Տիգրան Սարգսյանն իր վեցամյա վարչապետության ընթացքում հաջողություններ չարձանագրեց: Հարցն ուղղեցինք վարչապետի գլխավոր թեկնածուին գովերգող Գալուստ Սահակյանին:

«Ես կարծում եմ՝ քաղաքականության համար խելք պետք չի և ոչ էլ վարչապետ լինելու համար, ընդամենը անհրաժեշտ է խելացի լինել»:

Այդ դեպքում ինքն էլ վատ թեկնածու չէ: Մտածե՞լ է վարչապետ լինելու մասին. մեր հարցից Գալուստ Սահակյանն անակնկալի եկավ.

«Դուք ինձ անակնկալի եք բերում: Եթե որոշված լիներ հետագա ռազմավարությունը, դրա պատասխանն էլ կտայի»: Դիտարկմանը, թե իրեն երբեք չի՞ պատկերացրել այդ պաշտոնում, վիրավորվեց. «Իմ դերակատարումը շատ բարձր եմ գնահատում և կարողությունները, բայց էնպես չի, որ մտածում եք՝ վարչապետի որոնման մեջ եմ: Նայած ինչ ռազմավարություն ես ընդունում: Ռազմավարություն կա, ուր ես կարող եմ կատարել, ռազմավարություն կա, որ կարող է իմ գործընկերը կատարել: Էնպես որ, դերակատարումների խնդիրն առավել առաջնային է, քան պաշտոնավարումը: Ես բոլոր տիպի ռազմավարության մեջ կամ և հարգում եմ իմ դերակատարումը»»:

Կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս