Նոր վարչապետը կարող է լինել հերոս կամ զոհ. Արմեն Մարտիրոսյան
«Նոր ձևավորվող կառավարությունն ու վարչապետը կարող են լինել հերոս, կարող են լինել զոհ: Քանի դեռ մենք չենք ունենա ընտրություններով ձևավորված իշխանություն, ցանկացած կառավարության ղեկավար կլինի զոհ: Տիգրան Սարգսյանի աշխատանքը զոհի աշխատանք էր, Սերժ Սարգսյանն էլ նկարագրում էր, ասում էր՝ իմ վարչապետության ժամանակ այսքան զոհաբերություն եմ արել: Այդպես էլ լինելու: Օրինական ընտրություն անցկացվի՝ մեր վարչապետը կդառնա հերոս, ոչ թե զոհ»,- այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց «Անտարես» հոլդինգի ղեկավար Արմեն Մարտիրոսյանը:
Ըստ նրա՝ այս իշխանության ժամանակ պատասխանատվության մասին խոսք լինել չի կարող: Մարտիրոսյանը նշեց, որ այս կառավարությունն ավելի մեծ ձախողումներ է ունեցել, քան կուտակայինը, օրինակ՝ Հյուսիս-Հարավ երկաթգիծը, նավթավերամշակման գործարանը, Գյումրու տեխնոքաղաքը, Կենտրոնական բանկը Դիլիջանում, որը Հայաստանը պետք է դարձներ տարածաշրջանային ֆինանսական կենտրոն. «Հապա լսեք՝ Հայաստանը ֆինանսական կենտրոն… Ժողովո´ւրդ, դուք եթե փող ունենաք, դուք այն կպահե՞ք Ռուսաստանում: Իհարկե, ոչ: Բա Հայաստանում ինչի՞ պետք է պահեք: Սերժ Սարգսյանն ուներ շատ ավելի հստակ պատճառներ, որ կառավարությունը հրաժարական տար, իսկ հիմա արեցին ապրիլի 28-ի պատճառով, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ը և քառյակը պետք է շուրջօրյա հանրահավաք անեին, որին ոչ մի կառավարություն չէր դիմանա, առավել ևս՝ ոչ լեգիտիմ»:
«Օրինակ՝ հումք ներմուծելիս հարկ ենք վճարում, անունը դրել են՝ ավելացված արժեքի հարկ: ԱԱՀ-ն կարող է առաջանալ, երբ կա ավելացվածարժեք, իսկ սահմանի վրա, այդ ապրանքը չեկած, ի՞նչ ավելացված արժեք ու դրանից բխող հարկ: Սրա անունը կարելի է դնել կեղեքահարկ, ինչ ուզես, բայց ոչ ԱԱՀ: Վերցնում անուն են դնում ու վերջ»,- նկատեց Ա.Մարտիրոսյանը: