Ինչպես ստանալ մի քանի տասնյակ միլիոն դրամ հղիության նպաստ
Ինչպես նշվում է ՀՀ վերահսկիչ պալատի 2016թ. տարեկան հաշվետվության մեջ, պարզվել է, որ վարձու աշխատողներին հղիության և ծննդաբերության նպաստներ, մի շարք դեպքերում, նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց: Հղիության, ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձը, հավելյալ վճարները և մասնավորապես պարգևատրումները: Այսպես`
«Ղ-Տելեկոմ» ընկերության բաժանորդների սպասարկման վարչության պետին 2013թ. նոյեմբերին վճարվել է 30 մլն.400 հազ. դրամ հղիության և ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած 12 ամիսների ընթացքում նրան վճարվել է շուրջ 18 մլն. դրամի պարգևատրում:
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի բաժնի պետին 2013թ. սեպտեմբերին վճարվել է 18 մլն 100 հազ. դրամ հղիության և ծննդաբերության նպաստ: Նախածննդյան արձակուրդին նախորդած ժամանակաշրջանում՝ 2013թ. մարտին նրան վճարվել է 9,8 մլն դրամ, իսկ արձակուրդից անմիջապես 1 ամիս առաջ՝ 2013թ. օգոստոսին՝ 15,8 մլն դրամ պարգևատրում:
«Նատալի Ֆարմ» ընկերության բժիշկ-կոնսուլտանտին 2013թ. սեպտեմբերին վճարվել է 16 մլն. 450 հազ.դրամ հղիության և ծննդաբերության նպաստ:
«Երևանի կոնյակի գործարան» ընկերության տնօրենի տեղակալին 2013թ. մարտին վճարվել է հղիության և ծննդաբերության նպաստ` 9 մլն 918 հազ. դրամ: