Բաժիններ՝

Վարդան Պետրոսյան. «Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առաջին քայլս, Հայկ և սիրելի Հակոբյաններ, լինելու էր իմ և ձեր հանդիպումը» (տեսանյութ)

Վարդան Պետրոսյանն այսօր դատարանում հայտարարեց, որ իրեն ձերբակալել են հիվանդանոցից դույրս գրվելուց երկու օր անց: «Չնայած ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանը փայլուն գիտեր իմ բնակության վայրը, իմ առաջին հարցաքննության ժամանակ՝ հիվանդանոցում, ես դա ասել եմ նրան: Դրանից մի քանի օր առաջ քույրս հարցաքննության ժամանակ շեշտել է դա: Փայլուն իմանալով բնակվելուս վայրը, ըստ իր տված ցուցմունքի՝ կարծես գանցել է ինձ փնտրելու եղբորս տանը՝ գյուղում, այնտեղ չգտնելով՝ որոշել է ձերբակալել: Զարմանալին այն է, որ ձերբակաման եկած խումբը հրաշալի գիտեր իմ ապրելու վայրը և ոչ մի տեղ չէր փնտրում ինձ»,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ նշելով, որ մի մեծ խումբ եկել է միանգամից իրենց տուն՝ իրեն ձերբակալելու:

«Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ ձերբակալելու համար սկզբից ինձ ուրիշ բաներ էին ասում: Տեսնելով, որ անկողնային հիվանդ եմ, ի դեպ, դա քննչականի պետի տեղակալի խոսքն է, իմ խոսքը չէ, եկավ, զարմացավ, ասաց՝ մարդը անկողնային հիվանդ է, ո՞ւր եք եկել այստեղ: Ասաց, որ ամսի 7-ին՝ այսինքն՝ հաջորդ օրը, կանչում են հարցաքննության Եղվարդ: Ասացի, որ անկողնային հիվանդ եմ, պառկած եմ, երեկ շտապօգնություն է եկել, այսօր դեռ լավ չեմ, ճնշումս շատ ցածր է, չեմ կարողանում կանգնել: Այդ մասին ես արձանագրությունում նշել եմ, գրել եմ ես՝ մի քանի օրից կգնամ Եղվարդ, որից հետո քննիչն, այնուամենայնիվ, ինձ տալիս է այն արձանագրությունը, որտեղ գրված է իմ ձերբակալման որոշումը: Ընդ որում, որոշումը կայացված է ամսի 5-ին, ինձ ձերբակալում են ամսի 6-ին, բայց ամսի 7-ին ինձ կանչում են հարցաքննության: Այո՛: Ես չեմ կարողանում հասկանալ մի բան՝ ինչի՞ համար է այս թատերախաղը: Նախորդ օրը որոշում է կայացվում այսօր ձերբակալելու, հաջորդ օրը ինձ կանչում են հարցաքննության որպես վկա: Ինձ նորից տանում են հիվանդանոց՝ «Սթրես» կենտրոն»,- հայտարարեց վարդան Պետրոսյանը:

Նրա խոսքով՝  նոյեմբերի 6-ին և 7-ին քննիչը չի ներկայացել, ներկայացել է նոյեմբերի 8-ին. իր հիվանդասենյակում եղել են բժիշկը, փաստաբանը, քույրն ու կինը, սակայն բժիշկը արգելել է իրեն հարցաքննել՝ պատճառաբանելով, որ իր առողջական վիճակը լավ չէ:

Վարդան Պետրոսյանի խոսքով՝ ինքն ասել է, որ չի կարող մասնակցել երկարատև հարցաքննության, բայց ցանկանում է արձանագրել որոշ փաստեր, սակայն պահանջում է իրեն տրամադրել օրենքով ենթակա փաստաթղթերը:

Կարդացեք նաև

«Այստեղ է, որ քննիչը չգրեց այդ մասին: Փաստաբանս փորձեց առարկություն գրել, քննիչը չտվեց: Փաստաբանս նորից խնդրեց առարկության համար, նորից չտվեց, փաստաբանս գնաց խորամանկության, ասաց՝ տվե՛ք՝ ստորագրեմ: Վերցրեց, ստորագրելու փոխարեն սկսեց գրել առարկությունը: Այստեղ էր, որ ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանը վերցրեց փաստաթղթերը, փախավ, ես չեմ ուզում ասել դուրս գնաց, նա փախավ սենյակից: Ես չեմ իմանում՝ դուք պատերկացնո՞ւմ եք դա ինչ տեսարան է, երբ ավագ քննիչը մայորի կոչումով, իրավաբանական կրթություն ստացած, հիվանդասենյակից ուղղակի փախչում է: Չգիտեմ՝ ինչո՞ւ:

Այնուամենայնիվ, հաջորդ օրը՝ ժամը 12-ին, պայմանավորվածություն էր ձեռք բերվել հարցաքննության համար: Պետք է լիներ ավագ քննիչ Հայկարամ Հակոբյանը, իմ փաստաբանը: Նա մի քիչ ավելի շուտ պետք է գար:

Առավոտյան ժամը 10-ին գալիս է քննիչը՝ առանց փաստաբանի: Իմ հարցին՝ թե ինչո՞ւ եք նորից եկել առանց փաստաբան, որովհետև դա արդեն կրկնվել էր՝ հիվանդանոցի  ռեանիմացիան բաժին նա նույնպես առանց փաստաբանի էր եկել և փորձում էր ինձ հարցաքննել՝ չնայած մեր ձեռք բերված պայմանավորվածությանը, որ առանց փաստաբան հարցաքննություն չի լինի: Ինչո՞ւ եք եկել առանց փաստաբան՝ հարցնում եմ: Փաստաբանը չի գալու՝ պատասխանում է քննիչը: Ինչո՞ւ չի գալու: Եվ նա ամենայն լրջությամբ պատասխանում է՝ ձեր փաստաբանը գնացել է խաշի: Ասում եմ՝ դուք ինձ ձե՞ռք եք առնում, ասում է՝ ոչ, նա գնացել է խաշի: Եվ հումանիզմի պոռթկման մեջ Հայկարամ Հակոբյանն ինձ առաջարկում է նոր փաստաբան, ասում է՝ ես ձեզ կարող եմ նոր փաստաբան առաջարկել, դա ձեր իրավունքն է:

Մենք կապվում ենք փաստաբանի հետ, պարզվում է՝ ոչ մի խաշ էլ չկա, ոչ մի բան էլ չկա: Էլեմենտար ստախոսություն է: Ասում ենք՝ շտապ գալիս է: Այդ ընթացքում քննիչ Հայկարամ Հակոբյանը՝ առանց իմ փաստաբանի ներկայության, կարդում է ինձ որպես մեղադրյալ ներգրավվելու որոշումը: Որոշման տակ ես չեմ ստորագրում՝ նորից պատճառաբանելով փաստաբանիս բացակայությունը: Նստում է և սպասում է: Սպասելու ընթացքում սկսում է նորից գողունի, քողարկված ինձ հարցաքննել՝ որտե՞ղ եք ծնվել, ո՞ր թվին եք ծնվել, ճանաչո՞ւմ էիք արդյոք տուժածներին և այլն: Տեսնելով, որ նորից սկսում է հարցաքննությունը գողունի՝ ես ասում եմ՝ խնդրում եմ, դուրս եկեք: Ամենաբարեկիրթ ձևով դուրս եմ հրավիրում»,- ասաց Վ. Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ իր փաստաբանի ներկայանալուց հետո քննիչը վերընթերցել է իրեն մեղադրանք առաջադրելու մասին որոշումը, ինչից հետո ինքը թուղթ է ուզել՝ ցուցմունք գրելու համար: Ըստ Վարդան Պետրոսյանի՝ քննիչը հորդորել է իրեն ստորագրել որոշման տակ, որից հետո իրեն կտրամադրի հարցաքննության բլանկը: Ինքը ստորագրել է, բայց քննիչն իրեն բլանկ չի տվել. հենց այդ պատճառով ինքը նույն որոշման հաջորդ երեսին զայրացած գրել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում, գրել է քննիչի ապօրինությունների մասին, լրացուցիչ թուղթ է խնդրել, որովհետև այդ թղթի վրա այլևս գրելու տեղ չի եղել.

«Բայց այդ ժամանակ սենյակ էին մտել շատ մարդիկ՝ Եղվարդի ոստիկանապետը, քննչականի պետը, քննչականի պետի տեղակալը, բժիշկներ, մարդիկ, ազգականներ: Բոլորը խառնվել էին, որովհետև ինձ շտապ ուզում էին տանել դատարան: Վերջապես բռնվել էր համաշխարհային հանցագործը: Պետք էր շտապ անկողնուց նրան քարշ տալ դատարան: Եվ այստեղ ոստիկանապետն ինձ ասաց՝ մի գրեք, դուք այդ մասին դատարանում կխոսեք, բայց, ցավոք սրտի, դատարանում՝ հենց այստեղ, այդ հարցը չէր քննարկվում: Քննարկվեց իմ նախնական կալանքի՝ որպես խափանման միջոց հարցը»:

Վարդան Պետրոսյանն ասաց, որ ի սկզբանե չի ցանկացել գործում փաստաբան ներգարվվել: «Ես իրականությունը համարում են դժբախտ պատահար: Եվ այսօր էլ ես սա համարում եմ ոչ թե կազմակերպված, ծրագրավորված հանցագործություն… ընդունել եմ որպես մեծ ողբերգություն, դժբախտ պատահար և այդպես էլ ընդունում եմ այսօր, ոչ թե մտադրված սպանություն: Եվ ես չեմ ուզել փաստաբան վարձել:

Փաստաբան ես ներգրավվել եմ միայն այն բանից հետո, երբ իմացել եմ, որ իմ դեմ գրվել ու գրվում են ցուցմունքներ՝ ինձ մեղավոր ճանաչելով այս գործում և ոչ միայն ինձ մեղավոր ճաչանելով, այլ ինձ միակ մեղավորը ճանաչելով այս գործում: Ես իմ փաստաբանին պատմել եմ եղելությունը, իմ փաստաբանը գնացել է, ուսումնասիրություններ է կատարել, նախանական ուսումնասիրություններ՝ Շամշյանի լուսանկարներ, անվադողների հետքեր, ավտոճանապարհի բանուկ հատվածում թափված յուղ և այլն, որից հետո ինձ ասել է, որ իմ խոսքը համապատասխանում է իրականությանը, և պետք է հանրությանն այդ մասին տեղյակ պահել, քանի որ տեղեկատվությունը մինչ այժմ գնում է իմ դեմ:

Ես դրան էլ եմ դեմ գնացել: Ասել եմ՝ ոչինչ պետք չէ, ես շուտով հիվանդանոցից դուրս եմ դուրս գրվել: Եվ հիվանդանոցից շուտով դուրս գրվելուց հետո առաջին քայլս, Հայկ և սիրելի Հակոբյաններ, լինելու էր իմ և ձեր հանդիպումը»:

Վ. Պետրոսյանը նշեց, որ հիվանդանոցից դուրս գրվելուց հետո, սակայն, իրեն ձերբակալել են. «Ես այսպես եմ դրսևորում իմ ձերբակալման բուն նպատակը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս