![](/banners/BeFunky-design.jpg)
Կրակոցը եղել է զինծառայողի կզակի հատվածում. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/332305374_745758026856793_1173210213605856913_n.jpg)
Պայմանագրային զինծառայող Արտակ Սերյոժայի Ավալյանը մահացել է կզակի շրջանում ստացած հրազենային վիրավորման հետևանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
39-ամյա պայմանագրային զինծառայողի մահվան մասին երեկ հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարությունը։
ՔԿ-ն նշում է, որ դին հայտնաբերվել է մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։
«Կատարվել է դեպքի վայրի զննություն։ Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Հարցաքննվել են մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողները, սպաները։ Նշանակվել է նաև դիակի դատաբժշկական փորձաքննություն»,– ասված է հաղորդագրությունում։
Ձեռնարկվում են անհետաձգելի ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: