Ռիչարդ Կիրակոսյան. Հրաժարականի որոշումը որքան Տիգրան Սարգսյանինն էր, այնքան էլ Սերժ Սարգսյանինը

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականի շուրջ 168.am-ը զրուցեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ

– Պարոն Կիրակոսյան, Ձեր կարծիքով` ինչո՞վ էր պայմանավորված Տիգրան Սարգսյանի հրաժարականը, միայն ներքի՞ն, թե՞ գուցե նաև արտաքին գործոններով:

– Պատճառներն ընդհանրապես շատ էին, բայց մի բան պարզ է, որ հրաժարականը իշխանություններին բավարար ժամանակ և բավարար տարածք է տալիս՝ հասարակական դժգոհությունը մեղմելու համար: Ըստ իս` իրական մարտահրավերը ոչ թե Տիգրան Սարգսյանին հեռացնելն էր, այլ նրան փոխարինելը:

– Այսպիսով` կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանը փորձեց կանխել ոչ իշխանական ուժերի հետագա գործողությունները:

Կարդացեք նաև

– Դա մի շարք շարժառիթներից միայն մեկն է: Մի բան եմ ուզում ավելացնել, որ հրաժարականի որոշումը որքան Տիգրան Սարգսյանինն էր, այնքան էլ Սերժ Սարգսյանինը: Եվ այս առումով` այս հրաժարականը Հայաստանի կողմից Մաքսային միությանն անդամակցելուց առաջ կօգնի փրկել Տիգրան Սարգսյանի հեղինակությունը: Բայց ավելի խորը խնդիրն այն է, թե ով կլինի հաջորդ վարչապետը:

– Եվ ո՞վ կլինի նոր վարչապետը:

– Դեռևս վաղ է ասել: Շատ թեկնածուներ կան, բայց նրանցից որևէ մեկը բավարար որակավորված և պատաստ չէ այդ պաշտոնի համար:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ Սերժ Սարգսյանն առաջարկ անի ոչ իշխանական ուժերին:

– Կարծում եմ` դա հավանական չէ, բայց այստեղ կա մեկ այլ կարևոր խնդիր` հնարավոր է, որ նախկին նախարարներից ոմանք չվերադառնան կառավարություն:

– Չորս ոչ իշխանական ուժերից առնվազն երկուսը` Հայ ազգային կոնգրեսը և «Ժառանգությունը» կողմ են ամբողջական իշխանափոխությանը: Վարչապետի հրաժարականը կարո՞ղ է նպաստել իշխանափոխության գործընթացին:

– Քիչ մնաց ծիծաղից ընկնեի աթոռից: Սա ոչ մի կերպ չի ուժեղացնում ընդդիմության ռազմավարությունը:

– Գուցե թուլացնո՞ւմ է:

– Նրանք արդեն իսկ հուսախաբ են, հուսալքված և թուլացած:

– Իսկ ո՞րն է դրա պատճառը:

– Որովհետև նրանց մոտ պակասում են մտքերը, այլընտրանքը, նույնիսկ նրանց անձերը չեն կարողանում միմյանց հետ «յոլա գնալ»:

– Այսպիսով, Տիգրան Սարգսյանի հրաժարականը պայմանավորեցիք ավելի շատ ներքին գործոններով:

– Այո´:

Տեսանյութեր

Լրահոս