ՋՕԸ-երը պետք է բաց և թափանցիկ աշխատեն. Փոխվարչապետ
Տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր հանդիպում ունեցավ Ջրային տնտեսության պետական կոմիտեի, ջրառ եւ ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) ղեկավարների հետ` ոռոգման տարեշրջանի մեկնարկի, ցրտահարությունների հետեւանքով գյուղատնտեսության ոլորտում ստեղծված իրավիճակի եւ ոռոգման համակարգում հետագա անելիքների քննարկման նպատակով:
Անդրադառնալով ցրտահարությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին` փոխվարչապետն ընդգծեց, որ անկախ ամեն ինչից, ոռոգման համակարգում գարնան նախապատրաստական աշխատանքները լայն ծավալով պետք է շարունակվեն, որպեսզի ջրի պահանջարկի դեպքում բոլոր կառույցները պատրաստ լինեն անհապաղ եւ անհրաժեշտ ծավալով ջրամատակարարում իրականացնել: Նա նշեց, որ արդեն եղել է հանձնարարական` առաջիկա օրերին գարնանային սելավային ջրերն ինքնահոս համակարգերով գյուղացիական տնտեսություններին մատակարարելու վերաբերյալ: Փոխվարչապետը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս Ջրային տնտեսության պետական կոմիտեի եւ այլ գերատեսչությունների հետ քննարկվում են տուժած տնտեսությունների համար ոռոգումն ավելի մատչելի դարձնելու հնարավորությունները: «Նման փորձ ունեցել ենք անցած տարի Արմավիրի մարզում, երբ կարկտահարված համայնքների զգալի մասի դեպքում կիրառվեց 50-100 տոկոսով փոխհատուցման սկզբունքը: Վերջնական որոշում կայացնելու համար կարեւորում եմ նաեւ ձեր մոտեցումներն ու ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում իրավիճակի մասին տեղեկությունները»,-նշեց նա:
Փոխվարչապետն առանձնահատուկ կարեւորեց նաեւ ՋՕԸ-երի բաց, թափանցիկ աշխատանքը շահառու գյուղացիական տնտեսությունների հետ` նշելով, որ վերջին օրերին իր մարզային այցելությունների ընթացքում գյուղացիները նաեւ բարձրացրել են ՋՕԸ-երի աշխատանքին վերաբերող հարցեր: «Ցանկանում եմ հիշեցնել, որ ձեր աշխատանքի հիմնական մասը պետք է անցնի տեղերում` գյուղացիների հետ շփումների մեջ: Հնարավորինս պարզաբանումներ պետք է տրվեն նրանց` կայացված որոշումների, կատարվող աշխատանքների մասին: Օժանդակության ծրագիրը հստակեցվելու դեպքում հորդորում եմ ՋՕԸ-երի բոլոր ղեկավարներին հանդիպել շահառու գյուղացիական տնտեսությունների հետ եւ բոլոր քայլերի մասին իրազեկել»,-առաջարկեց նա: Ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավարությանը հանձնարարվեց առաջիկայում պարբերաբար այցելություններ իրականացնել տեղերում` ՋՕԸ-շահառու հարաբերություններին, առկա խնդիրներին ծանոթանալու համար: Նա հորդորեց նաեւ ուշադիր լինել ՋՕԸ-երի գործունեությանը վերաբերող մամուլի հրապարակումներին, անհրաժեշտ պարզաբանումներ տալ, արձագանքել խնդիրների մասին ահազանգերին: Փոխվարչապետն ընդգծեց, որ համակարգը պետք է գործի առավելագույնս արդյունավետ` պահպանելով արդարության սկզբունքը: Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձվի խոշոր հողատերերի կողմից ստացած ջրի դիմաց պարտավորություններն ամբողջական եւ ժամանակին կատարելու խնդրին:
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն իր հերթին նշեց, որ ըստ կանխատեսումների` սպասվում է սակավաջուր տարի, եւ անխափան ջրամատակարարում ապահովելու համար համակարգը պետք է գործի առավելագույնս արդյունավետ:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին