Ինչու են Շահեն Հարությունյանին 5 ամիս հետո հիշել

Շանթ Հարությույանի որդուն՝ Շահեն Հարությունյանին, վաղը կրկին հրավիրել են ՀՀ ոստիկանություն: Շահեն Հարությունյանի մայրը՝ Ռուզաննա Բադալյանը, 168.am-ին փոխանցեց, որ չգիտեն՝ ինչ գործողություն է լինելու ՀՀ ոստիկանությունում. իրենց միայն ծանուցագիր են ուղարկել: Հիշեցնենք, որ երեկ Շահեն Հարությունյանին ՀՀ ոստիկանությունում մեղադրանք են առաջադրել խուլիգանության համար (ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մաս): Ռուզաննա Բադալյանի խոսքով՝ որդին չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:

Ինչպես հայտնի է, Շանթ Հարությունյանն ու ևս 13 անձ ձերբակալվել, ապա կալանավորվել էին նոյմբերի 5-ին: Ռուզաննա Բադալյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայամանավորված այն հանգամանքը, որ միայն 5 ամիս անց են հիշել Շահեն Հարությունյանին:

«Ես չեմ կարող ասել՝ ինչո՞ւ հիմա որոշեցին այդպես անել: Նոյեմբերի 5-ին է եղել ամեն ինչ, իրենք ունեին փաստերը: Եթե հանցակազմ կար, կարող էին միանգամից երեխային մեղադրանք առաջադրել, բայց չէին առաջադրել: Այդ նույն հարցը ես ուղղել եմ քննիչին՝ ինչո՞ւ 5 ամիս հետո: Իրենք ասացին՝ այդպես ենք անում, այդպես ենք ուզում»,- ի պատասխան ասաց Ռուզաննա Բադալյանը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս