Թուրքիայում ՏԻՄ ընտրությունների արդյունքները կարող են չեղյալ հայտարարվել 7 քաղաքում
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ ՏԻՄ ընտրությունների արդյունքները չեղյալ կհայտարարվեն 7 քաղաքում՝ Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Ադանա, Շանլըուրֆա, Վան և Քութահյա: Դա կապված է նրա հետ, որ իշխող կուսակցությունը և ընդդիմությունը պահանջել են տվյալ քաղաքներում իրականացնել քվեների վերահաշվարկ:
Տվյալ 7 քաղաքից 4-ում՝ Ստամբուլ, Անկարա, Շանլըուրֆա և Քութահյա, հաղթել է իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ): Ադանայում հաղթանակ է տարել «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ), Վանում՝ քրդամետ «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունը (ԽԺԿ), իսկ Իզմիրում՝ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ):
Նախնական տվյալներով ՏԻՄ ընտրությունների արդյունքներով՝ ԱԶԿ-ը հաղթել է Թուրքիայի 81 նահանգից 49-ում, ԺՀԿ-ը՝ 13-ում, ԽԺԿ-ը՝ 10-ում, ԱՇԿ-ը՝ 8-ում: Մարդինի նահանգում էլ հաղթել է անկախ թեկնածու Ահմեթ Թուրքը: