
Ուկրաինան ստիպված է բարձրացնել կոմունալ ծառայությունների ու գազի գինը. Յացենյուկ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստվում է շարունակել հեղուկացված գազի տերմինալի կառուցման նախագծի իրագործումը և զգալիորեն կրճատել էներգիայի սպառումը, որպեսզի երկիրը դուրս գա գազային ճգնաժամից: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
Նա ընդգծել է, որ իրենք ցանկանում են դիվերսիֆիկացնել էներգակիրների հոսքերը, ապահովել անկախ աղբյուրները, սակայն դրա հետ մեկտեղ շարունակելու են աշխատել ռուսական «Գազպրոմի» հետ՝ կապված երկկողմ պարտավորությունների կատարման հետ:
Յացենյուկը հայտարարել է, որ թեև Ռուսաստանը հայտարարել է Խարկովի համաձայնագրի չեղյալ հայտարարման մասին, սակայն իրենք դրա հետ կապված՝ «Գազպրոմից» դեռ պաշտոնական որևէ փաստաթուղթ չեն ստացել: Յացենյուկը հիշեցրել է, որ նախորդ կառավարությունը փորձել է կառուցել հեղուկացված գազի ընդունման տերմինալ, և նոր կառավարությունը չի հրաժարվել այդ գաղափարից:
Յացենյուկը կարծում է, որ Օդեսայի մարզում կառուցվելիք այդ տերմինալը իրենց կտա ևս մի քանի միլիարդ խորանարդ մետր գազ: Դրան զուգահեռ կառավարությունը մշակում է էներգոարդյունավետության ծրագիր, սակայն դրա իրագործումը ժամանակ է պահանջում: Յացենյուկի խոսքերով՝ Ուկրաինան ստիպված է նվազեցնել գազի սպառումը և բարձրացնել կոմունալ ծառայությունների ու գազի գինը:
Հիշեցնենք, որ ռուսական «Գազպրոմը» երեկ ավելի քան 43 տոկոսով բարձրացրել է Ուկրաինային մատակարարվող ռուսական գազի գինը: