«Գազպրոմը» Ուկրաինայի համար ավելի քան 40 տոկոսով թանկացրել է ռուսական գազի գինը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի համար ռուսական գազի գինն այս տարվա երկրորդ եռամսյակից հազար խորանարդ մետրի համար աճել է 43.6 տոկոսով՝ 268.5 դոլարից հասնելով մինչև 385.5 դոլարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:
Վերջինս իրենց այդ քայլը պատճառաբանել է Ուկրաինայի կողմից պարտքերը չվճարելով: Միլերը մանրամասնել է, որ ներկա դրությամբ Ուկրաինայի գազային պարտքը կազմում է 1.71 միլիարդ դոլար:
Սրանից առաջ ՌԴ Պետդուման չեղյալ էր հայտարարել Սևծովյան նավատորմի բազավորմանն առնչվող ռուս-ուկրաինական մի շարք համաձայնագրեր, այդ թվում նաև 2010 թվականի ապրիլին կնքված «խարկովյան համաձայնագիրը», որով Ռուսաստանը 100 դոլարանոց գազային զեղչ էր արել Ուկրաինային, ինչի դիմաց Ուկրաինան համաձայնվել էր, որ ռուսական Սևծովյան նավատորմը Սևաստոպոլում մնա ևս 25 տարի՝ 2017 թվականից հետո (մինչև 2042 թվականը):