Բաժիններ՝

2013. Ներդրումների փլուզման տարին

Ազգային վիճակագրական ծառայությունը վերջապես ամփոփեց 2013 թվականի օտարերկրյա ներդրումների դինամիկան։ Մինչ այս հրապարակվել էր 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսների ցուցանիշները, որոնցից արդեն երևում էր, ներդրումների առումով գործերը, մեղմ ասած, լավ չեն։

Տարվա ամփոփ ցուցանիշները փաստում են, որ վերջին երեք ամսվա ընթացքում ոչինչ չի փոխվել, և ներդրումները 2013-ի ընթացքում գահավիժել են։

Այսպես, նախորդ տարվա ընթացքում կատարված օտարերկրյա ներդրումների ծավալը կազմել է 597.3 միլիոն դոլար՝ 2012 թվականի 751.8 միլիոնի դիմաց։ Ներդրումները նվազել են 154.8 միլիոն դոլարով կամ 20.5 տոկոս։

Սակայն օտարերկրյա ուղղակի ներդրումների առումով պատկերը շատ ավելի տխուր է։ Այսպես, 2013 թվականի ընթացքում ՀՀ իրական տնտեսության մեջ կատարված ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 271.1 միլիոն դոլար՝ 2012 թվականի 567.4 միլիոնի դիմաց։ Նախորդ տարվա համեմատ օտարերկրյա ներդրումները նվազել են ավելի քան 2 անգամ։

Ավելացնենք նաև, որ ուղղակի ներդրումների ծավալով 2013 թվականի առաջատարը Ֆրանսիան է` 99.1 միլիոն դոլար։ Ռուսաստանը ուղղակի ներդրումներով երկրորդն է՝ 58.6 միլիոն դոլար, իսկ Գերմանիան երրորդն է՝ 22.1 միլիոն դոլար։

Օտարերկրյա ուղղակի ներդրումների մեծ մասը՝ 41.7%-ը, կատարվել է հեռահաղորդակցության ոլորտում։

Նշենք նաև, որ ըստ ԱՎԾ տվյալների, նախորդ տարվա ընթացքում պորտֆելային ներդրումների ծավալը աճել է 356 անգամ՝ 1.95 միլիոնից հասնելով 694.48 միլիոն դոլարի։ Սակայն ժամանակից շուտ ոգևորվելու կարիք չկա, որովհետև դա ըստ էության ոչ թե ներդրում է, այլ Հայաստանի վաճառած եվրապարտատոմսերը։ Այսինքն՝ ոչ այլ ինչ, քան արտաքին պարտք։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս