Բաժիններ՝

Ա.Չարչյան. «Մեր օգնությունը լինելու է շարունակական»

Ծրագրվածին համաձայն՝ սույն թվականի մարտի 29-ի առավոտյան ժամը 9-ից Արցախի հանրապետական բժշկական կենտրոնի հիվանդանոցում  իր առաքելությունն սկսեց իրականացնել / խորհրդատվություն վնասվածքաբանական եւ օրթոպեդիկ հիվանդություններով տառապող հիվանդներին/ ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի  հրավերով Երկրորդ հայկական հանրապետություն ժամանած՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վնասվածքաբանության եւ օրթոպեդիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանը:

«Արցախպրես»-ի թղթակցի տեղեկացմամբ՝ ժամը 11-ը չեղած, պրոֆեսորը տեղի վնասվածքաբանների հետ միասին արդեն ընդունել, լսել, զննել եւ իր խորհուրդներն էր տվել 15 հիվանդի: Այդ ժամի վրա հերթագրված էին 50 հոգի, եւ հիվանդների հոսքը շարունակվում էր:

«Մենք սահմանային թիվ չենք ներկայացնելու, ընդունելու ենք մինչեւ վերջին հերթագրվողին, վերջին ցանկացողին: Պատերազմի տարիներին էլ ենք եղել Արցախում ու տեղի վնասվածքաբանների հետ միասին վիրահատել, փրկել վիրավոր ազատամարտիկների կյանքը՝ շատերին նորից շարք վերադարձնելով: Այժմ էլ ենք պարտավոր օգնել Արցախի բնակչության առողջության պահպանմանը, կարողացածին չափ նպաստել առողջապահության ոլորտի զարգացմանը: Դա հայ բժշկի, հայ մասնագետի պարտքն է՝ որտեղ էլ որ ապրելիս լինի,- թղթակցի հետ զրույցում նշեց Ա. Չարչյանը:- Ապրիլի 26-ին  ես նորից եմ գալու Ստեփանակերտ՝ արդեն բժիշկների թիմով, տեղում  վիրահատություններ /այդ թվում՝ եւ բարդ/ իրականացնելու համար»,- ասել է Ա. Չարչյանը:

Թղթակցի հարցին՝ ինչ տպավորություն ունի Հանրապետական բժշկական կենտրոնից եւ մասնավորապես՝ նրա  հիվանդանոցային մասնաշենքից, պրոֆեսորն ասաց, որ նման շենքում եւ նման բժշկատեխնիկական հագեցվածության պայմաններում վատ աշխատել պարզապես հնարավոր չէ, եւ որ ինքը լավ գիտի նախարար Քուշկյանին ու վստահ է, որ նա անելու է ամեն ինչ՝ արցախցիների համար արդի պահանջներին համապատասխան բարձրակարգ բուժօգնություն ապահովելու համար: «Նա այն մարդն է, ով սովոր է աներկբա հասնել նպատակադրածին»,- վերջում հավելեց Ա.Չարչյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս