Հակոբ Հակոբյանի հռետորական հարցը հարուցեց դահլիճի ծիծաղը և ՍԴ նիստի ընդհատման պատճառ դարձավ
«Մեզ էս երկու օրը մեղադրում են սեփականազրկման մեջ, հետո էլ ասում են՝ ինչո՞ւ եք տալիս հետը տանի, եթե գնում է երկրից: Չտա՞նք իր սեփականությունը հետը տանի»,- այսօր ՍԴ-ում կուտակայինին հարցի քննության ժամանակ եզրափակիչ ելույթում հայտարարեց պատասխանող կողմի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը:
Նրա բնորոշմամբ՝ մեր այսօրվա կենսաթոշակային համակարգը բացարձակ աներաշխիք համակարգ է. «Այստեղ նստածներին ես հարց եմ տալիս՝ ո՞վ ունի երաշխիք, որ ստանալու է իր կենսաթոշակը»:
Նշելով, որ եթե գործ ունեն իրավական վեճի հետ, պատրաստ են տեղեկությունները տրամադրելու, Հ.Հակոբյանը հայտարարեց, թե ՍԴ-ում «խոսքի ժանրը փոխվել է», և ինքն էլ կփոխի իր խոսքը: Հակոբյանը պնդեց, թե հակափաստարկներ ներկայացրել է, բայց լսել է դասախոսություններ ոչ միայն այն մարդկանց կողմից, ով կարդում է, այլև այն մարդկանց կողմից՝ ում համար կարդում են դասախոսությունը:
ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն ընդհատեց նրան՝ կոչ անելով Սահմանադրական դատավարության կանոններ սովորեցնելու և մեղադրականներ ներկայացնելու փոխարեն ըստ էության խոսել:
Հ.Հակոբյանը նույն ոճով մի քանի նախադասություն ևս հնչեցրեց, ապա, իր իսկ բնորոշմամբ, խոսեց ըստ էության, մասնավորապես, որ սեփականությունից չեն զրկում, պարզապես որոշակի ժամկետով սահմանափակվում է անձի՝ իր սեփականությունն օգտագործելու իրավունքը:
Այնուհետև Հակոբյանի հռետորական հարցը հարուցեց ողջ դահլիճի ծիծաղը և պատճառ դարձավ ընդմիջման. «Ինչո՞ւ է երկրի բարձր օրենքով սահմանվում, որ երկրի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկան անձը, և ոչ թե 34 տարեկան 364 օրական անձը, զինվորակոչման տարիքը 18 տարեկանն է և ոչ թե 17 տարեկան 364 օրականը… այս շարքը կարող եմ շարունակել՝ նահանջ տարին էլ չհաշված»,- ասաց Հ.Հակոբյանը: