Օմբուդսմենի տարեկան զեկույցը՝ Առողջապահության նախարարության թերացումների մասին
Ոլորտում առկա թերություններն ու խնդիրները
- Չնայած կառավարության որոշմանը՝ բազմաթիվ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձինք, ինչպես նաև մինչև յոթ տարեկան երեխաները չեն ստացել անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր:
- Դեռևս չեն սահմանվել բժշկական էթիկայի կանոններ, ինչի հետևանքով բազմաթիվ դեպքերում բժշկական գաղտնիքը չպահպանող, պացիենտների նկատմամբ անհարգալից վերաբերվող բժիշկները չեն պատժվել:
- Օրենքում դեռևս բացակայում է «բժշկական սխալ» հասկացությունը, ինչի հետևանքով հնարավոր չէ օբյեկտիվ գնահատել բժշկի անփութության, սխալ բժշկական միջամտության և այլ դեպքերը, ինչպես նաև դրանց հնարավոր հետևանքներ:
- Բավարար չի ֆինանսավորվել սոցիալապես անապահով անպտուղ զույգերի արտամարմնային բեղմավորումը, որը միջինում կազմում է 3500-5000 ԱՄՆ դոլար: Արդյունքում հազարավոր անպտուղ զույգեր զրկվել են երեխա ունենալու հնարավորությունից:
- Մարդու կյանքին սպառնացող «ցրված սկլերոզ» հիվանդությունը դեռևս չի ներառվել Կառավարության որոշման այն հիվանդությունների ցանկում, որոնց դեպքում բուժման դեղերը տրվում են անվճար: Արդյունքում նման ծանր հիվանդությամբ տառապող անձանց համար այդ թանկ դեղերը հիմնականում հասանելի չեն լինում:
- Չեն մշակվել օրենսդրական կարգավորումներ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման համար, մինչդեռ այդ խնդիրը կրում է համատարած բնույթ:
- Ցածր վարձատրության և ԲՈՒՀ-երում անվճար ուսման քիչ տեղերի հետևանքով խիստ անբավարար է եղել հոգեբույժների քանակը:
- Մի շարք դեպքերում քաղցկեղով հիվանդ անձանց չի տրամադրվել օրենքով հասանելիք անվճար քիմիոթերապիան:
- Օրենսդրական թերի կարգավորման պատճառով բժիշկները պաշտպանված չեն եղել պացիենտների հոգեբանական ճնշումներից և վիրավորանքներից:
Հիմնավորումներն ու մանրամասները՝ այստեղ
Արձանագրված դրական զարգացումները
- Էապես կանոնակարգվել և հստակեցվել է դեղերի որակի, արդյունավետության և անվտանգության նկատմամբ պետական վերահսկողությունը:
- Կապանի ԲԿ-ում և Երևանի քաղաքապետարանի N 9 մանկական պոլիկլինիկայում ստեղծվել են երեխայի զարգացման վերականգնողական կենտրոններ:
- Ազգաբնակչության հետ կապն առավել մատչելի դարձնելու համար տեղադրվել է ռադիոկապ, որը, մասնավորապես, հնարավորություն է տալիս հրատապ դեպքերում ուղիղ կապ հաստատել խոշոր բժշկական կենտրոնների, 1-03 շտապ բուժօգնության ծառայության հետ:
- Նախարարության միջնորդությամբ անվճար վերապատրաստվել Է մոտ 300 բուժաշխատող, որոնց հիմնական մասն են կազմել մարզերում աշխատող բժիշկները:
Պաշտպանի աշխատակազմ