
Մարգարիտ Եսայանը՝ «ֆեյքերը» կանոնակարգելու մասին. Այստեղ խոսքի ազատության հետ մենք խնդիր ենք ունենալու

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Մարգարիտ Եսայանը համոզված է՝ կեղծ տեղեկատվությունը 12 ժամ համացանցում մնալուց հետո հեռացնելը որևէ արդյունք, բացի նյարդերը քայքայելուց՝ չի տա: ԱԺ-ում «ֆեյքերի» մասին օրինագծի քննարկման ժամանակ Մարգարիտ Եսայանը հայտարարեց, թե ներկայացված նախագիծ մի կարևոր, դրական բան ունի, որը պետք է ողջունել:
«Ես չգիտեմ, այլ նախադեպ կա՞, թե՞ ոչ, երբ խորհրդարանական բոլոր քաղաքական ուժերը միասնական, միասին, համակարծիք են այս դաշտում փոփոխություններ կատարելուն: Սա իր տեսակով բացառիկ օրենսդրական նախաձեռնություն է՝ պլյուս եմ նշանակում, հինգ խաչով: Համամիտ եմ բայց նաև դեմ հնչած կարծիքների հետ: Ինքս այն կարծիքին եմ, որ համացանցն այն ոլորտն է, որը մեզ համար նոր է, պետք է հասկանանք՝ ի՞նչ է ու այն կանոնակարգելն անհնարին եմ համարում, ոչ դեմոկրատական և այստեղ խոսքի ազատության հետ մենք խնդիր ենք ունենալու»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է հնչած հայտարարությանը, թե նման նախագծի անհրաժեշտության մասին առաջարկով դիմել են հենց լրատվամիջոցների ղեկավարները, Մարգարիտ Եսայանը նշեց, թե ինքը կցանկանար անձամբ նրանցից լսել այդ մասին: «Շատ կուզեի լսել որևէ լրատվամիջոցի ղեկավարի կարծիք, որ՝ այո, ինքը դիմել է, համամիտ է, որ դաշտը կանոնակարգվի: Այստեղ վիճելու, բանավիճելու խնդիր կա, և մենք պատրաստ ենք համոզել իրար: 9-րդ հոդվածի առաջին կետում, ինչի մասին խոսեց պարոն Ջհանգիրյանը, որ մարդը կարող է դիմել և այլն, ինձ համար հարցը բաց է մնում, որովհետև որպես նախկին լրագրող հասկանում եմ, որ եթե կեղծ տեղեկատվությունը 12 ժամ պտտվում է ինտերնետում, և դրանից հետո հանելուց հետո դա զրո նշանակություն ունի, որովհետև այնքան է տարածվել, ճյուղեր տվել, որ դատական քաշքշուկը, որի մեջ պետք է մտնեմ, որպեսզի պահանջեմ հանել այդ կեղծ տեղեկատվությունը, ուղղակի ավելորդ նյարդեր, մահացու վտանգավոր կլինի իմ առողջության համար»,- եզրափակեց ՀՀԿ-ական պատգամավորը: