Քեսաբահայերը կոչով դիմել են համայն հայությանը

Սիրիայի հայաբնակ Քեսաբի բնակիչները, որոնք օրերս հարձակման են ենթարկվել Թուրքական աջակցությունը վայելող ծայրահեղականների կողմից, դիմել են աշխարհին` նոր ցեղասպանությունը կանխելու խնդրանքով: Քեսաբահայության դիմումը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Սահակյանը, ով ընդգրկված էր Քեսաբ մեկնած պատգամավորների խմբում:

Դիմումում մասնավորապես ասվում է.

«Այսօր՝ Մայրերի օրը, 2014թ.-ի մարտի 21-ին, մեր գեղեցիկ քաղաքը հարձակման է ենթարկվել Թուրքիայի կառավարության կողմից ռազմական եւ նյութատեխնիկական աջակցություն ստացող «Ալ-Քաիդայի» եւ «Ճակատ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման կողմից: Մենք արթնացել ենք լուսաբացից շատ առաջ, սարսափած քաղաքի վրա ընկնող հրթիռների ձայնից: Հազարավոր ծայրահեղականներ հատել են մեր քաղաքի սահմանը: Թուրքական կողմը որդեգրել է գեղեցիկ Քեսաբը ոչնչացնելու քաղաքականություն հենց Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին:

Քեսաբի հերոսները սկսել են պաշտպանել քաղաքն իրենց որսորդական հրացաններով մինչեւ օգնություն կստանային Սիրիայի կառավարության կողմից: Եթե Քեսաբի բնակիչներն այդ հերոսներից չտեղեկացվեին տներից հեռանալու անհրաժեշտության մասին, ապա աշխարհը հերթական ցեղասպանության ականատեսը կդառնար, իսկ լրատվամիջոցները կտարածեին եւս մեկ ապատեղեկատվություն:

Քեսաբը դարեր շարունակ եղել է հազարավոր հայերի տունը:

Առաջին անգամ Քեսաբը հոգեվարքի մեջ է հայտնվել 1909թ.-ի ողբերգական իրադարձությունների ժամանակ, երբ թուրքերը հարձակվեցին քաղաքի վրա, որի հետեւանքով Քեսաբն ավերվեց, տները հրկիզվեցին եւ 161 հայեր դաժանորեն սպանվեցին:

1915թ.-ին, երբ իրականացվեց Հայոց ցեղասպանությունը, թուրքական զորքերը մտան Քեսաբ եւ արտաքսեցին հայերին, սպանվեց ավելի քան 5000 քեսաբահայ: Թուրքիայի կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը խլեց 1.5 մլն հայերի կյանք: Բայց այդ թիվը կարող է մի քանի անգամ ավելանալ, եթե միջազգային հանրությունը համապատասխան քայլեր չձեռնարկի Սիրիայի հայերին պաշտպանելու համար:

Սիրիայում արաբները պաշտպանում են մեզ, նրանք օգնել են մեզ ոտքի կանգնել եւ շարունակել գոյությունը՝ հաղթահարելով սարսափելի հիշողությունները մահի ու կոտորածի մասին, մենք պետք է հավերժ շնորհակալ լինենք նրանց:

Այդ պահից մենք այլ հավատքի դավանողների հետ ապրել ենք խաղաղության ու ներդաշնակության մեջ, ինչպես մեծ հայկական ընտանիք, ինչպես մեկ միասնական տուն, որը կոչվում է Սիրիա: Այսօր եւս մենք ունենք օգնության կարիք, քանի որ թուրքական կառավարությունը, ցավոք, համարձակվել է հարձակվել հայերի վրա՝ անտեսելով Հայ Դատը:

Այդպիսով Թուրքիան դարձյալ հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի այսօր ավելի մեծ թվով հայեր մահանան: Մենք թուրք ժողովրդի դեմ ոչինչ չունենք: Մենք ապրել ենք նրանց կողքին որպես հարեւաններ եւ չենք ցանկանում որեւէ փոփոխություն: Թուրքական կառավարությունը, աջակցելով Քեսաբի բնակիչների սպանությունը, աջակցում է ահաբեկիչներին, որոնց դեմ ուղղված է մեր կոչը: Մենք պարզապես ցանկանում ենք վերադարձնել մեր քաղաքը կամ այն, ինչ մնացել է նրանից, YouTube-ում շատ հոլովակներ վկայում են այն մասին, որ ազգայնամոլները հրդեհում ու ոչնչացնում են մեր գեղեցիկ քաղաքը:

Սիրիան շատ լավ գիտի, որ այնտեղ, որտեղ հայտնվում են այդ ազգայնամոլները, ոչինչ եւ ոչ ոք կենդանի չի մնում: Մեզանից խլել են մեր տները, դարերի ընթացքում կուտակած մեր ժառանգությունն անխնա ոչնչացվել է: Այս կոչն ուղղված է բոլոր հայերին: Այս կոչն ուղղված է համայն մարդկությանը: Աշխարհը պետք է լսի ճշմարտությունը: Էրդողանն ու նրա կառավարությունը ռազմական հանցագործներ են: Մենք Ձեր օգնության կարիքն ունենք: Մենք կարիք ունենք, որ դուք համապատասխան քայլեր ձեռնարկեք: Մեր կյանքը կախված է ձեզանից, ձեր որոշումներից: Մենք այլեւս ոչինչ չունենք, բացի հագուստից, որն այժմ կրում ենք: Եթե մենք մնայինք հավաքելու առաջին անհրաժեշտության իրերը, ապա վաղուց մենք այլեւս ողջ չէինք լինի: Մեզանից շատերը չեն հասցրել վերցնել անձնագիրն ու այլ փաստաթղթեր:

Մենք խնդրում ենք Ձեզ դիմել ձեր երկների կառավարություններին եւ ՄԱԿ-ին կամ այլ կառույցներին` միջամտելու համար:

Այն, ինչ մենք ուզում ենք` ապրել ենք ուզում: Եթե դուք անտեսեք այս խնդրանքը, ապա մենք ծայրահեղականների կողմից դաժանաբար կսպանվենք այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Հալեպում, Յակուբիայում, Ղենեմիում եւ Սիրիայի ողջ տարածքում:

Նրանք, որոնց դուք անվանում եք ապստամբներ, իրկանում արմատականներ են: Այսպիսի խմբավորումների կազմում կան տարբեր ազգության ներկայացուցիչներ՝ աֆղաններ, չեչեններ, Սաուդյան Արաբիայից եկածներ եւ այլն: Քեսաբի բնակիչները եւ ամբողջ Սիրիան ականատես դարձան, թե ինչպես նրանք հարձակվեցին խաղաղ բնակիչների վրա ու սպանել նրանց:

ԶԼՄ-ները չեն կարող միշտ թաքցնել ճշմարտությունը: Դուք չեք կարող միշտ ղեկավարել մարդկային կյանքերը: Այսպես կոչված ապստամբները նպատակային հարձակվում են խաղաղ բնակիչների վրա: Մենք ձեզ խնդրում ենք ուշքի գալ: Չեք կարծում, որ արդեն բավականաչափ անմեղ արյուն է թափվել: Չեք կարծում, որ բավականաչափ հարձակումներ եւ իրականացվել: Երեք տարի մենք ապրել ենք խաղաղ ու երջանիկ: Սա հեղափոխություն չէ, այլ՝ պատերազմ: Իսկ Սիրիական բանակը ներկայումս պայքարում է Քեսաբում, որպեսզի ապահովի հայերի անվտանգ վերադարձն իրենց տներ:

Հ.Գ. Այս նամակի հեղինակը Քեսաբի բնակիչներն են, որոնք ապաստան են գտել Լաթաքիայի հայկական եկեղեցում»:

 

Տեսանյութեր

Լրահոս