Ամուսինը կնոջը խեղդել է՝ իրեն դավաճանելու, ծաղրելու համար. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի փոխանցմամբ` արթիկցի Կարենը (անունը փոխված է) 2006 թվականին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն` արտագնա աշխատանքի: Այնտեղ ծանոթացել էր հայազգի աղջկա հետ, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել: Երեք տարի անց սակայն արտաքսվել էր Ռուսաստանից` ապօրինի բնակվելու պատճառով:
Մեկ ամսից հետո նրա հետևից Արթիկ էին եկել նաև կինը` երեխաների հետ: Այստեղ ամուսինն աշխատանքի էր անցել բենզալցակայանում, իսկ կինը՝ երեխաներին պահելուց զատ, փորձել էր կյանքն ավելի հետաքրքիր դարձնել:
Անծանոթ ավտոմեքենաներ, հեռախոսային կասկածելի զանգեր, անհայտ այցեր ու ուշ ժամի վերադարձեր. Այս ամենը շուտով հունից հանեց ամուսնուն: Բանը հասել էր նրան, որ հերթական վեճի ժամանակ, երբ կինն ասել է թե, դա նրա գործը չէ՝ ում հետ ուզի կգնա: Ամուսինը փորձել է ցած նետվել պատշգամբից, բայց կինը բռնել է նրան, նա էլ զայրույթից կոտրել էր պատշգամբի դռան ապակին:
Բայց կինն այդպես էլ չի փորձել փոխել իր վարքը կամ գոնե փարատել ամուսնու կասկածները: Համոզվելով, որ կինն ամեն անգամ տուն է վերադառնում նույն ավտոմեքենայով, ամուսինը նրանից գաղտնի նրա բջջային հեռախոսը զննելով պարզել է այդ տղամարդու անունն ու հեռախոսահամարը: Մի օր էլ հետևելով կնոջն ու պարզելով, որ դարձյալ նույն տղամարդու հետ է, զանգահարել է նախ կնոջը, ապա՝ նրա սիրեկանին, բայց երկուսն էլ անհասանելի են եղել:
Կինը, տուն վերադառնալով, նախատել է ամուսնուն այն բանի համար, որ նա զանգահարել է իր ծանոթին: Իսկ երբ ամուսինը նրան մեղադրել է դավաճանության մեջ, կինը դարձյալ պնդել է, որ տղամարդն իր ընկերուհու եղբայրն է, նրա հետ գնացել է Ապարան, Մասիս, Սևան և այլ տեղեր, սակայն իրենց միջև որևէ կապ չի եղել, նույնիսկ ծիծաղել ու հեգնել է ամուսնուն՝ իրեն խանդելու համար:
Հունից դուրս գալով՝ ամուսինը մոտեցել ու ցանկացել է ապտակել կնոջը, բայց նա, սեղանի վրայից վերցնելով հացի դանակը, սպառնացել է խփել ամուսնուն, եթե նա փորձի իրեն հարվածել: Կնոջ ամբարտավան պահվածքից վերջնականապես զայրացած ամուսինը, բռնելով կնոջ կոկորդից, նրան տապալել է գետնին և 10-15 րոպե շարունակ սեղմած պահելով նրա կոկորդը՝ խեղդել:
Հասկանալով, որ կինը մահացել է, ամուսինն օգնության է կանչել, ապա նաև՝ ոստիկաններին խոստովանել, որ ինքն է խեղդել կնոջը:
Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը կնոջը խեղդած ամուսնուն դատապարտել է 10 տարվա ազատազրկման:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: