Առատ ձյունը կվնասի պտղատու այգիներին. կորուստների մասին կանխատեսումները պարզ կլինեն այս գիշերվանից հետո. Tert.am
Հայաստանում այսօր տեղացած առատ ձյունը վնաս կհասցնի հիմնականում պտղատու այգիներին: Այս մասին Tert.am-ին հարցմանն ի պատասխան ասացին «Հայաստանի ագրարագյուղացիական միավորման» նախագահ Հրաչ Բերբերյանը և ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
«Տուժում են հիմնականում պտղատու այգիները, որոնք ծաղկակալած են, կամ պատրաստվում են ծաղկակալել, կարծում եմ, որ երեկոյան կլինի 8-10 աստիճան ցուրտ, և այստեղ մենք մտահոգված ենք խաղողի այգիների մասով, այստեղ էլ լուրջ ցրտահարություններ կարող են լինել»,-ասաց Հրաչ Բերբերյանը՝ նշելով, որ արդեն ուշ է ինչ-որ բան անել, ծխահարելն էլ չի օգնի. «էլ ոչինչ հնարավոր չէ անել, ինչ եղավ՝ եղավ»:
Հրաչ Բերբերյանի կանխատեսմամբ՝ վաղահաս կարտոֆիլի մասով խնդիր չկա, ուղղակի պետք է հետևել, որ առուները լավ գործեն, որպեսզի ձնհալի ժամանակ ջուրը չկուտակվի մի տեղում և սերմացուի փտում չլինի: Աշնանացան ցորենի մասով փոքր բերքի կորուստ կլինի, և սովորականից մոտ 10-20% ցածր բերքատվություն:
Փոխնախարար Սամվել Գալստյանն էլ զերծ մնաց պաշտոնական որևէ տեղեկություն ասելուց՝ նշելով, որ դեռ չգիտեն, թե մինչև օրվա վերջ ինչ տեղի կունենա: «Բայց երեկվա պայմանավորվածությունները մնում են ուժի մեջ: Ամեն ինչ մնում է ուժի մեջ, տեսնենք՝ երեկոյան ինչ վիճակ կարձանագրվի»,-ասաց նա:
Վերջինիս փոխանցմամբ՝ ջերմաստիճանի մասին նոր տեղեկություններ են հավաքվում, և վնասի մասին դեռ ոչ ոք ոչինչ չի կարող ասել:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: