Արծրուն Հովհաննիսյանը հերքում է՝ Ադրբեջանի սահմանին զինուժի կուտակում չի նկատվում
Ադրբեջանական կայքերից մեկը, հղում անելով Europian voice կայքին, գրել էր, թե Ադրբեջանի սահմանին զինուժի կուտակում է նկատվում: Նշենք, որ Europian voice-ը նման տեղեկատվություն էր տարածել մարտի 20-ին:
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից 168.am-ն այսօր հետաքրքրվեց՝ իրականությանը համապատասխանո՞ւմ են այն տեղեկությունները, որ ադրբեջանական սահմանին զինված ուժերի կուտակումներ կան:
Արծրուն Հովհաննիսյանը հերքեց այդ տեղեկությունները՝ նշելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը:
Նշենք, որ Europian voice-ը մասնավորապես գրել էր. «Ղրիմի ճգնաժամը խորացնում է Կովկասի հետ կապված մտահոգությունները, որտեղ ռազմական ակտիվությունը սահմանի վրա վերջերս ակտիվացել է։ Վերջին երկու ամսվա ընթացքում Վրաստանը հայտարարել է ռուսական ինքնաթիռների՝ իր օդային տարածք ներխուժման մասին, իսկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի են ունենում զինված ուժերի կուտակումներ։ Հայաստանն ու Ադրբեջանը արգելափակվել են ավելի քան երկու տասնյամյակ ձգվող հակամարտության մեջ, որը միայն մասնակի է սառեցված»: