Բաժիններ՝

Հարություն Քուշկյան. «Դիմեք նախարարություն 24 ժամ, մենք պատրաստ ենք աջակցել յուրաքանչյուր հարցում»

ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այցելել է «Թ.Քամալյանի անվան բժշկական քոլեջ» ՊՈԱԿ: Նա շրջել է հաստատությունում, ծանոթացել շենքային պայմաններին, հանդիպել անձնակազմին: Տեղում հրավիրված խորհրդակցության ժամանակ քոլեջի աշխատակիցները նախարարի հետ քննարկել են ինչպես կրթօջախի գործունեության, այնպես էլ բուժքույրական գործի ուսուցմանն առնչվող հարցեր: Նախարարը մեկ անգամ ևս փաստել է, որ բուժքույրական գործի ճիշտ կազմակերպումը պայմանավորված է ոչ միայն գրագիտությամբ, այլև նվիրումով: Նա կարևորել է մասնագիտական շփումները, փորձի փոխանակումը, կրթական ծրագրերի արդիականացումը: Հարություն Քուշկյանը նշել է նաև, որ Արցախում կանցկացվեն բուժքույրական կոնֆերանսներ, համաժողովներ, որոնք մասնագիտական շփումների առիթ կդառնան: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ առողջապահության նախարարությունից:

Նախարարը կիսվել է իր մտադրություններով և ծրագրերով, որ լրջագույն բարեփոխում է իրականացվելու ծննդօգնության ոլորտում, ինչին մեծ ներդրում պետք է ունենան հենց բուժքույրերը: «Եկել եմ մեծ հպարտությամբ, ուրախ եմ, որ միասին բեկումնային փոփոխություններ ենք կատարելու: Հարգելի գործընկերներ, դիմեք նախարարություն 24 ժամ, մենք պատրաստ ենք աջակցել ձեզ յուրաքանչյուր հարցում»‰-, նշել է նախարարը:

Այնուհետև Հարություն Քուշկյանն այցելել է Արյան փոխներարկման բաժանմունք: Բացի տարածքային, սառնարանային խնդիրներից այստեղ կան նաև լուծում պահանջող կազմակերպչական հարցեր:

Նախարարն այցելել է «Ձեռք-ձեռքի»‰ հասարակական կազմակերպության Կանանց կլինիկա, ծանոթացել կազմակերպության կազմում գործող շարժական ատամնաբուժական կլինիկայի հնարավորություններին: ԼՂՀ առողջապահության նախարարը հանձնարարել է ներկայացնել շարժական կլինիկայի միջոցով գյուղական բնակավայրերում ատամնաբուժական ծառայություններ մատուցելու ծրագիր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս