
«Զինծառայողի կենսաթոշակային խախտված իրավունք. 7 տարիների քաշքշուկ»

«Մենք խնդրում ենք Պաշտպանության նախարարությանը (ՊՆ) և Բժշկասոցիալական փորձաքննության (ԲՍՓ) գործակալությանը կիրառել 2001 թվականի ՀՀ ՊՆ Կենտրոնական ռազմա-բժշկական հանձնաժողովի տված տեղեկանքը՝ նախկին զինծառայող Գեորգի Մարգարովի հաշմանդամության կարգի վերաբերյալ և վճարել նրան հասնող կենսաթոշակը»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Զինծառայողի կենսաթոշակային խախտված իրավունք. 7 տարիների քաշքշուկ» թեմայով քննարկման ժամանակ ասել է Մարգարովի փաստաբան Անի Անտոնյանը:
Փաստաբանի փոխանցմամբ՝ Գեորգի Մարգարովն ունի հաշմանդամության 2-րդ կարգի մասին որոշում, որում նշված է հաշմանդամության պատճառը, սակայն պետական մարմինների ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով փոխվել է հաշմանդամության պատճառական կապը. «Արդեն մեկ տարի է կա դատարանի որոշում, որն, ըստ էության, չի կատարվում: ՊՆ-ն կատարում է վճարումների իր պարտավորությունը, բայց այն պետք է բխի ճիշտ տեղեկանքից: Սակայն Բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը չի ընդունում ճիշտ տեղեկանքը»:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Նաիրա Կարապետյանի կարծիքով՝ ՊՆ-ն կատարել է դատարանի պահանջն ամբողջությամբ. «ՊՆ-ն, հիմք ընդունելով դատարանի վճիռը, որն ավելի մեծ ուժ ունի, քան որևէ տեղեկանք, վերահաշվարկ է արել և փոխանցել է Մարգարովի թոշակն ու հավելավճարները: ՊՆ-ն իր պարտականություններն այս գործով իրականացրել է»:
Գեորգի Մարգարովը չի ընդունել գումարը՝ համարելով այն ոչ իրավական: Մարգարովի շահերի պաշտպանի խոսքով՝ այդ վերահաշվարկի հիմքը պետք է լինի ճիշտ տեղեկանքը, որը պետք է տա ԲՍՓ գործակալությունը և որն այս պահին չկա:
ԲՍՓ գործակալության պետի տեղակալ Անուշ Սիմոնյանն էլ հակադարձում է, որ գոյություն ունի ուժի մեջ գտնվող մեկ այլ տեղեկանք և ԲՍՓ-ն որևէ հիմք չունի այն փոփոխելու. «ՊՆ-ն չի կարող պարտավորեցնել ԲՍՓ-ին փոփոխություններ անել, մանավանդ որ դատական պրոցեսին՝ որպես երրորդ կողմ, ԲՍՓ-ն ներկայացված չի եղել»: Տիկին Սիմոնյանն առաջարկում է վիճարկել տեղեկանքները դատարանում՝ ներգրավելով նաև ԲՍՓ-ին:
87-ամյա թոշակառու Գեորգի Մարգարովն առաջին կարգի ինժեներ-կապիտան է և արդեն 7 տարի է պետական և դատական մարմինների միջոցով փորձում է վերականգնել իր կնեսաթոշակի խախտված իրավունքը:
«Մեդիա կենտրոն»