
Արաքս Փաշայան. «Հայկական պատվիրակության հայտարարությունները ոչ շահեկան են սիրիահայերի համար»

Հայաստանից Սիրիա մեկնած հայկական պատվիրակությունը Դամասկոսում հանդիպումներ էր ունեցել ինչպես Սիրիայի նախագահ Բաշար Ասադի, ինչպես նաև այդ երկրի բարձրագույն իշխանության այլ ներկայացուցիչների՝ Ազգային Ժողովի նախագահի և վարչապետի հետ։ Նրանք նաև հարցազրույց էին տվել սիրիական պետական հեռուստաընկերությամբ:
Արաբագետ Արաքս Փաշայանն անդրադառնալով պատվիրակության այցին և նշյալ հարցազրույցին, հետևյալ դիտարկումն է կատարել. «Լաթաքիայի հայկական եկեղեցուց սիրիական պետական հեռուստատեսությանը մեր պատվիրակության տված հարցազրույցը ոչ հավասարակշռված դիտարկումներ էր պարունակում: Այնպիսի տպավորություն էր, որ մեր պատվիրակությունն այնտեղ էր գնացել՝ խոսելու միայն Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ու հայ համայնքի մասին:
Պետք է նկատի առնեին, որ իրենք ներկայացնում են պետություն՝ Հայաստանի Հանրապետությունը և բացի այդ, գտնվում են թեժ հակամարտության գոտում, որտեղ բախվում են ներսիրիական գաղափարական ու քաղաքական տարբեր կողմերի շահերն ու հետաքրքրությունները: Այնպես որ, նրանց խոսքը ոչ միայն սիրիական կառավարությանը պետք է ուղղված լիներ, այլ մեսիջներ պարունակեր նաև մյուս կողմերի և առհասարակ սիրիական բազմաշերտ հասարակության համար: Այս տեսանկյունից, հայկական կողմի դիտարկումները հավասարակշռված չէին: Նման մոտեցումները կարող են ոչ շահեկան լինել հայերի համար ընդհանրապես համասիրիական համատեքստում»,-ասել է արաբագետը: