Մեկնարկեց «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի տարածումը 70 համայնքում» նախաձեռնությունը
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող «Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մեկնարկում է «Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգի (ՀԿՏՀ) տարածումը 70 համայնքում» նախաձեռնության նոր փուլը, որով հանրապետության եւս 70 համայնք կմիանա Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգին:
Այսօր նախաձեռնության նոր փուլի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ներկա ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ողջունեց ձեռնարկը` նշելով, որ այն համահունչ է կառավարության որդեգրած քաղաքականությանը, որով կարեւորվում է համայնքներում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ էլեկտրոնային համակարգերի ներդրումը: « ՏԻՄ-երում էլեկտրոնային կառավարումը էականորեն կնպաստի համայնքային ծառայությունների որակի բարձրացմանը, աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը, ինչպես նաեւ տեղական մակարդակում որոշումների կայացման թափանցիկությանը»,-ընդգծեց Ա. Գեւորգյանը:
Փոխվարչապետի խոսքով` Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը ներկայումս ներդրված է հանրապետության 512 համայնքում, եւ իրականացվող աշխատանքները թույլ են տալիս հուսալ, որ առաջիկա 2-3 տարում հանրապետության բոլոր համայնքներն արդեն կօգտվեն էլեկտրոնային կառավարման համակարգերից:
Ա. Գեւորգյանը շնորհակալություն հայտնեց գործընկեր կազմակերպությանը` ինչպես տեղական ժողովրդավարության զարգացմանը, այնպես էլ ընթացիկ ծրագրերին ու բարեփոխումներին հետեւողական աջակցություն ցուցաբերելու համար:
«Համայնքների զարգացում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Հիլքե Էբերտը նույնպես արդյունավետ համարեց կատարված աշխատանքները` վստահություն հայտնելով, որ նախաձեռնության նոր փուլը նույնպես հաջողությամբ կիրականացվի:
Միջոցառմանը ներկա էին շահառու համայնքների ղեկավարներ, ՀԿՏՀ-ի կիրառման համար պատասխանատու աշխատակիցներ, որոնց ծրագրի պատասխանատուները ներկայացրեցին համակարգի ներդրման եւ կիրառման առանձնահատկությունները:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին