Բաժիններ՝

Թեղուտի պաշտպանության նախաձեռնությունը հրաժարվում է մասնակցել Տիգրան Սարգսյանի հետ հանդիպմանը

Երեկ՝ մարտի 27-ին մեզ տեղեկացրին, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր՝ մարտի 28-ին, բնապահպաններին հրավիրում է քննարկել բնապահպանական հիմնախնդիրներ, ինչպես այդ մասին տեղեկացրել էր պատասխանատու հանքարդյունաբերության մասին վերջերս կազմակերպված միջազգային կոնֆերանսի ընթացքում:

Թեղուտի և որոշ այլ հիմնախնդիրների առնչությամբ սկզբունքորեն կողմ լինելով ցանկացած մարմնի հետ կառուցողական համագործակցության գաղափարին՝ այնուհանդերձ մենք անընդունելի ենք համարում հանդիպման ձևաչափի և օրակարգի բացակայությունը: Ըստ էության կազմակերպվում է տեղեկատվական-խորհրդատվական մի անհասկանալի հանդիպում՝ ոչ մի բանի մասին: Տիգրան Սարգսյանի՝ հանրությանը հաճոյանալու նման հրապարակային հայտարարությունների համատեքստում  անհրաժեշտ ենք համարում նրան հիշեցնել հետևյալ փասերը, որոնք ողջամիտ հիմքեր են ստեղծում լուրջ չվերաբերվալ նրա հերթական առարկայազուրկ առաջարկին: Այսպես՝

Դեռևս 20 հունիսի 2008 թվականին հանրության անդամները մասնակցել են ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցությանը, որի ընթացքում քննարկվել են Թեղուտի հանքավայրի վերաբերյալ վիճահարույց մի շարք հարցեր: Խորհրդակցության արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է`

ա/ շահագրգիռ հասարակության անդամների կողմից բարձրացված հարցադրումների պատասխանները ներկայացնել հանրությանը,

բ/ կազմակերպել Թեղուտի հանքավայրի շահագործման համապետական նշանակությունը հիմնավորող հատուկ շնորհանդես, մինչև այդ կազմակերպելով 2 միջանկյալ քննարկում հանրության կողմից ներկայացված հեղինակավոր փորձագետների մասնակցությամբ,

գ/ տեղական և անհրաժեշտության դեպքում նաև միջազգային փորձագետների մասնակցությամբ իրականացնել հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննություն հանքավայրի շահագործման 25 տարիների համար,

դ/ Հանրության հետ համատեղ 1-ամսյա ժամկետում քննարկել և սահմանված կարգով ՀՀ կառավարություն ներկայացնել բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ,

ե/ բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ հաստատելուց հետո կատարել նոր հաշվարկ` փորձագետների հետ կազմակերպելով միջանկյալ քննարկումներ և ներկայացված հարցադրմանը անդրադառնալ այդ քննարկումների ընթացքում,

զ/ քննարկել հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման վերաբերյալ առաջարկությունները և հաջորդ հանդիպման ժամանակ ներկայացնել համապատասխան հիմնավորող հաշվարկներ և Թեղուտին առնչվող այլ հիմնախնդիրներ:

Նշենք, որ վերը հիշատակված կետերից ոչ մեկն ըստ էության չի կատարվել: Փոխարենը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի կողմից ՀԿ-ներից մեկին ուղարկվել է անստորագիր մի փաստաթուղթ (որի հեղինակները պարզ չեն), որը վերնագրված է «Տեղեկանք Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման դեպքում 25 տարվա ընթացքում տնտեսական վնասի գնահատման վերաբերյալ»: Նշված «փաստաթղթում» վնասը գնահատված է 3.1 մլրդ. դրամի չափով: Բնապահպանական վնասների հաշվարկման նոր կարգ չի սահմանվել, «Թափոնների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, կապված հանքարդյունահանման թափոնների հարցի կարգավորման հետ, չեն կատարվել:

Որոշ ժամանակ անց` 12 սեպտեմբերի 2008 թվականին, ՀՀ վարչապետը միևնույն հարցի շուրջ կրկին հանդիպում է ունեցել հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ և կայացված խորհրդակցության ընթացքում դեմքի լուրջ արտահայտությամբ շարունակել է քննարկումները Թեղուտի հանքավայրի վերաբերյալ հանրության կողմից բարձրացված հարցերի շուրջ: Խորհրդակցության արդյունքում վարչապետն այս անգամ ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարել է`

1/ մինչև 2008թ. տարեվերջ Թեղուտի հանքավայրի շահագործման 25 տարիների համար հանքարդյունահանման նախագծի ՇՄԱԳ-ի փորձաքննության նյութերը տրամադրել ՀԿ-ներին` անհրաժեշտության դեպքում լրացուցիչ անվճար փորձաքննության ենթարկելու համար,

2/ 6-ամսյա ժամկետում ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի, ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ համատեղ քննարկել Հայաստանում առկա հանքարդյունահանման հետևանքով առաջացած թափոնների հաշվարկման և դրանց օրենքով սահմանված կարգով հարկման հաշվարկի վերաբերյալ հարցերը և սահմանված կարգով ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություններ:

Ու կրկին, մինչ օրս վարչապետի հերթական նախաձեռնողականության հարցի շուրջ բացարձակապես որևէ բան չի արվել:

Այնուհետև, 2012 թվականի մարտի 23-ին ՀՀ վարչապետի թիվ 212-Ա որոշմամբ ստեղծվել է աշխատանքային խումբ Թեղուտում լեռնահարստացուցիչ կոմբինատի կառուցման և պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի հանրային քննարկում կազմակերպելու նպատակով: Նշված որոշման շրջանակներում Վանաձոր քաղաքում կազմակերպվում է ինչ-որ քննարկում, որն ըստ ներկայացված օրակարգի տևել է ընդամենը 2 ժամ:

Այս արձանագրումներով հանդերձ, նորից և վերստին կրկնում ենք՝ մենք պատրաստ ենք Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման և որոշ այլ բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ անցկացնել քննարկումներ պետական կառավարման տարբեր օղակների հետ: Որպես քննարկման ձևաչափ ենք առաջարկում ոչ թե զրույց-քննարկում ընդհանուր խնդիրների վերաբերյալ, այլ մեր կողմից առաջարկվող կոնկրետ հիմնախնդիրների (ի դեպ՝ այդ խնդիրների մեծ մասը մենք ներկայացրել ենք «Պատասխանատու հանքարդյունաբերություն» միջազգային կոնֆերանսի մասնակիցներին՝ մեր հայտարարության տեքստում) փաստարկված ներկայացում և դրանց լուծումներ տալու համար ողջամիտ ժամանակացույցի մշակում: Վարչապետի հետ խնդիրների լուծման ժամանակացույցի մշակման շուրջ քննարկումը պետք է լինի հրապարակային՝ զանգվածային լրատվամիջոցների և, ցանկության դեպքում, համապատասխան միջազգային կառույցների ներկայությամբ:

Եթե վարչապետը պատրաստակամություն կհայտնի այս առաջարկվող ձևաչափով առարկայական քննարկումներ անցկացնել, ապա մենք առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կներկայացնենք այն հիմնախնդիրները, որոնց շուրջ պատրաստ ենք ծավալել հրապարակային քննարկում՝ սահմանելով խնդրի լուծման ողջամիտ ժամանակացույց: Հանդիպումից մեկ օր առաջ հրավերի մասին տեղեկացնելու և հստակ օրակարգի բացակայության պայմաններում կազմակերպվող հանդիպումը չի կարող լուրջ ընկալվել, ուստի մենք հրաժարվում ենք մասնակցել այդ հանդիպմանը:

Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս