Թուրքիան պատրաստ է ապաստան տալ Քեսաբի հայությանը. Թուրքիայի ԱԳՆ
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը սիրիական Քեսաբ եւ Լաթաքիա բնակավայրերում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ` հերքելով Քեսաբի վրա հարձակման ժամանակ Թուրքիայի տարածքն օգտագործելու եւ Թուրքիայի կողմից զինյալներին օժանդակություն ցուցաբերելու մասին տեղեկությունները:
Թուրքայի արտաքին քաղաքական գերատեսչությունն անընդունելի եւ դատապարտելի է համարել Քեսաբում տեղի ունեցող իրադարձություններն անցյալի ողբերգական դեպքերի հետ համեմատելու փորձերը: «Դատապարտում ենք որոշ շրջանակների պնդումները, ըստ որոնց Քեսաբում տեղի ունեցող դեպքերի եւ անցյալի որոշ ցավալի իրադարձությունների մեջ զուգահեռներ են տարվում. դրանք դիտարկում ենք որպես քաղաքական քարոզչություն»,-ասվում է հայտարարության մեջ։
Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը Սիրիայի ներկայիս իշխանություններին է մեղադրում բռնության եւ ագրեսիայի քաղաքականության համար, ինչի հետեւանքով բազմաթիվ սիրիացիներ հարկադրված են լինում ապաստան գտնել Թուրքիայում:
Ինչ վերաբերում է Քեսաբի հայությանը, ապա նշվում է, որ Թուրքիան, ելնելով մարդասիրությունից, պատրաստ է ապաստան տալու Քեսաբի հայերին: «Թուրքիան, որպես մարդասիրական եւ բարոյական պարտականություն, Քեսաբի շրջանի սիրիահայերին երկրում ընդունելու եւ նրանց անվտանգությունն ապահովելու ցանկություն է հայտնել ու այդ մասին տեղեկացրել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին»,-նշվում է հայտարարության մեջ։