Երևանում բացվեց բժշկական նոր կենտրոն
Այսօր Երևանում բացվեց ամբուլատոր-ախտորոշիչ և հիվանդանոցային ծառայություններ մատուցող «Մեդլայն կլինիկ» կենտրոնը` հագեցած ախտորոշիչ նորագույն սարքավորումներով, այդ թվում` համակարգչային շերտագրության, թվային ռենտգեն, թրեդմիլ և այլ սարքավորումներով։ 50 մահճակալ ունեցող կլինիկայում ծավալված երեք վիրասրահներում կկատարվեն ինչպես բաց, այնպես էլ լապարոսկոպիկ եղանակով վիրահատություններ։ Վիրաբուժական ուղղվածություն ունեցող կլինիկայում ստեղծվել են ժամանակակից սարքավորումներով հագեցած վերակենդանացման, հետվիրահատական բաժին, հարակից անհրաժեշտ ծառայություններ, հարմարավետ հիվանդասենյակներ։
Կենտրոնի բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առոջապահական հիմնարկների ղեկավարներ, բժիշկներ:
Պատասխանելով լրագրողների հարցերին` Դերենիկ Դումանյանը խրախուսեց մասնավոր ներդրողի կողմից նման կլինիկա ստեղծելու գաղափարը։ «Լիցենզավորման գործակալության և ԾԻԳ-ի մեր մասնագետները մշտապես հետևել են շինարարության ընթացքին և անհրաժեշտ խորհրդատվություններ տվել, որպեսզի բոլոր ծառայությունները համապատասխանեն սահմանված նորմերին ու պահանջներին։ Արդյունքում այսօր բացվում է բավականին հարմարավետ հիվանդանոց»,- ասաց նախարարը:
ՀՀ առողջապահության նախարարություն