Արմեն Աշոտյանը՝ Վահե Էնֆիաջյանին. Դեմներս ոչինչ չեք խոսում, հազար ներողություն՝ «Hello Kitty» դեմքով նստում եք, հետո գնում եք դուրս ու…

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ և ՀՀԿ ներկայացուցիչները կրկին բանավեճի բռնվեցին:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիջայանը` դիմելով ՀՀ վարչապետին ասաց, թե նախարարները խորհրդարանում իրենց կոռեկտ չեն պահում:

«Հորդորում ենք այս բացատրական աշխատանքը տանել այն նախարարների հետ, որոնք իրենց ոչ կոռեկտ են դրսևորել վերջին ժամանակահատվածում խորհրդարանում և խորհրդարանից դուրս, որպեսզի նրանք շատ ավելի զուսպ լինեն, ինքնակայանան, և եթե ուզում են ինքնակայանան, դա կատարեն այլ ձևաչափի մեջ»,- նշեց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը նախազգուշացրեց, որ եթե նախարարները շարունակեն «ինքնակայանալ»՝ իրենց կողմից լինելու են շատ ավելի կտրուկ պատասխաններ:

Ի պատասխան ՀՀ կրության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, թե ցանկացած մարդ ունի արժանապատվություն, որից կարող են խոսել մարդիկ, ովքեր ունեն արժանիքներ և պատիվ:

«Պատգամավորը նույնքան, որքան նախարարը, մարզպետը, գյուղապետը, շարքային քաղաքացին՝ բաղկացած է մսից ու արյունից, նյարդային համակարգից, ադրենալին է արտադրում, մակերիկամներ ունի, և ցանկացած սադրանք, որ ուղղված է ցանկացած մարդու հանդեպ, մեկ-երկու-երեք հանդուրժողական դրսևորումների պարագայում արժանանում է գուցե երբեմն շատ կտրուկ, բայց արդարացի արձագանքների»,- ասաց Ա. Աշոտյանը:

Ըստ նրա՝ Կառավարության կազմում շատ կայացած մարդիկ են, ովքեր ունեն արժանի փորձ ու կրթություն: «Այն, ինչ դուք ակնարկում եք, լավ կլինի, որ որոշ քաղաքական ուժեր իրենց աչքի գերանը նախ տեսնեն սկզբից, նոր դիմացինի փուշը դարձնեն խոսակցության թեմա»,- նշեց նախարարը:

Ա. Աշոտյանը ամոթանք տվեց բոլորին՝ թե իրենց, թե ընդդիմությանը՝ նշելով, որ քաղաքական պայքարի նշաձողը չի կարելի իջեցնել վաճառականի մակարդակի: «Ամոթ է բոլորիս, քանի որ քաղաքական պայքարի նշաձողը չի կարող իջեցնել ազատ շուկայի վաճառականների մակարդակին: Քաղաքականությունն ինտելեկտուալ զբաղմունք է, անգամ դիմացինին խորը կսմթելու համար ինտելեկտ է պետք: Վիրավորելն էլ հեշտ է, յուրաքանչյոր մարդ՝ անկախ իր կրթական ցենզից, կարող է իրեն թույլ տալ ու երևակայել, որ կարող է վերևից խոսել ու մարդկանց վիրավորել, բայց… Ես խնդրում եմ զուսպ ու կոռեկտ աշխատանքային աշխատելաոճ որդեգրեք, անգամ եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք»,- ասաց ԿԳ նախարարը:

Վահե Էնֆիաջյանն էլ իր հերթին ասաց, որ իր կոչը նույնպես դրան է վերաբերում: «Մենք հասկանում ենք, որ Հայաստանի քաղաքական մշակույթը դեռ կայացման փուլում է, և պետք չէ բառախաղի մեջ կայանալ և նոր դիվիդենտներ փորձել հավաքել կառավարության ներկայացուցիչների առջև»,- նետեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Ա. Աշոտյանն էլ պարզաբանեց. «Ես էլ այնպես չէ, որ հաթաթա էի տալիս, կամ այլ բան էի ասում: Նստում ենք, քննարկում ենք, այստեղ ենք՝ դեմներս ոչինչ չեք խոսում, հազար ներողություն՝ «Hello Kitty» դեմքով նստում եք, հետո գնում եք դուրս ու երկու ժամ հետո բացում եմ խիստ սեփականատերեր ունեցող կայքեր ու տեսնում… ամո՛թ է»:

Նա հորդորեց հաղթանակ տանել իրենց նկատմամբ ինտելեկտուալ ճանապարհով. «Կրեք մեզ, հաղթեք մեզ, հաղթեք ինտելեկտուալ»:

Տեսանյութեր

Լրահոս