Ջարդվել է Երևանի քաղաքապետարանի ավտոմեքենաներերից մեկը
tesankyun.am-ը գրում է. Մարտի 23-ին տհաճ միջադեպ է տեղի ունեցել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեվան գյուղում:
Գյուղից դեպի Կոթի գյուղ տանող ավտոճանապարհի եզրին գտնվող հուշաղբյուր- տաղավարներից մեկում՝ «Խաչոյի աղբյուրում», քեֆ են արել մի խումբ երեւանցիներ:
Նրանցից մեկը ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող զինվորի քեռի է: Հուշաղբյուրին են մոտեցել ոսկեվանցի 3 անչափահաս 3 պատանյակներ: Նրանք ցանկացել են աղբյուրից ջուր խմել: Սակայն հայրենի գյուղի աղբյուրից ջուր խմելու նրանց ցանկությունը խոչընդոտների է հանդիպել: Կայքի տեղեկություններով՝ քեֆ անողները պատանիներին շատ կոշտ են դիմավորել, հարցաքննել:
Քեֆ անողներից մեկը տղաներին սկսել է անհարկի հարցեր տալ, հետո հարվածել է անչափահասներից մեկի դեմքին: Երեք տղաներից մեկը, ով, սակայն, հարված չի ստացել, զանգահարել է գյուղ՝ իր հորը, տեղեկացրել պատահարի մասին: Վերջինս անհանգստացած եկել է հուշաղբյուր, համեստ ձեւով ցանկացել է պարզել վեճի պատճառը.սակայն քեֆչիներից մեկը շշով հարվածել է նրա գլխին:
Նոյեմբերյանի բժշկական կենտրոնից կայքը տեղեկացել է, որ մարտի 24-ին, գիշերվա ժամը 3-ն անց 25-ի սահմաններում բժշկական կենտրոն է տեղափոխվել Ոսկեվան գյուղի բնակիչ, 1965թ. ծնված Ա. Մ.-ն: Նա հիվանդանոց է տեղափոխվել գլխի աջ ճակատային մասի սալջարդով, պատռվածք վերքով, գլխի ցավերով: Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վերքի շրջանում տեղային անզգայացում է կատարվել,վերքը մշակվել է, դրենավորվել է: Ըստ տեղեկությունների՝ Ոսկեվանի բնակիչները իրենց ոչ քաղաքակիրթ պահած անձանց պատժել են, ծեծի ենթարկել:
Ըստ տվյալների` ջարդվել է Երեւանի քաղաքապետարանին պատկանող ծառայողական ավտոմեքենաներից մեկը, որով քեֆչիները եկել էին Ոսկեվան: Հարց է ծագում՝ Երեւանի քաղաքապետարանին պատկանող ավտոմեքենան ի՞նչ գործ ուներ Նոյեմբերյանի սահմանագոտում,արդյոք այդ մեքենայի համար գործուղման թերթիկ էր գրված եւ քաղաքապետարանի ո՞ր պաշտոնյան էր ստորագրել գործուղման թերթիկի տակ:
Մանրամասներն` այստեղ