Նաիրա Զոհրաբյան. Ես պաշտպանում եմ այն տարբերակը, որ քոլեջից բուհ գնացողների արտոնությունը պիտի հանվի
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «Կրթության մասին» և «Բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ՝ դիմելով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, հայտարարեց, թե ի տարբերություն նրա՝ ինքը հիացած չէ ՀՀ կառավարության անաչառությամբ:
«Ի տարբերություն Ձեզ, ես հիացած չեմ մեր կառավարության անաչառությամբ և օբյեկտիվությամբ, ուստի հարցս վերաբերում է վերին շեմ սահմանելու լիազորությանը: Շատ դրական մեսիջներ կան երկու նախագծերում էլ: Ես պաշտպանում եմ այն տարբերակը, որ քոլեջից բուհ գնացողների արտոնությունը պիտի հանվի, որովհետև, ըստ էության, դա չհիմնավորված արտոնություն է»,- ասաց նա:
ԲՀԿ պատգամավորն ասաց, թե պետք է հստակ սահմանվի շեմը, բայց կրկնեց. «Հիացած չլինելով Կառավարության անաչառությամբ, սուբյեկտիվությամբ և նաև պրոֆեսիոնալ ունակություններով, մենք չենք թողնում սուբյեկտիվության դաշտ այս կամ այն բուհի հանդեպ՝ սուբյեկտիվ վերաբերմունք դրսևորելու և ինչ լծակներ պիտի ունենա խորհրդարանը: Ես նախագծում չտեսա լծակները»:
Արմեն Աշոտյանն էլ ասաց, թե Նաիրա Զոհրաբյանի հարցադրումների մեջ որոշ բառեր կան, որոնք իրեն հուշում են՝ ինչ-որ «ֆեոդալական մտածելակերպային բաների մասի»:
«Լծակը լավ բառ է, բայց եկեք այստեղ ազդեցության գործիք հասկանանք: Լծակ բառը վերին շեմի սահմանման դեպքում՝ հենց դուք եք, դուք՝ պատգամավորներդ, կրթության հանձնաժողով կա, որ շատ ակտիվ աշխատում է, ֆրակցիաներ կան, որ շատ լավ աշխատում են կրթության բնագավառում»,- նշեց նա:
Ա. Աշոտյանը նշեց, թե ԱԺ նստաշրջանի ժամանակ ինքը ԱԺ-կառավարություն բոլոր հարցուպատասխաններին ներկա է լինում և կարող են հնարավոր խնդիրների դեպքում բարձրաձայնել:
«Ցավոք, շատ հազվադեպ եմ մտահոգություններ լսել կրթության ոլորտից հենց այն քաղաքական ուժի կողմից, որ Դուք եք ներկայացնում: Ես ուրախ կլինեմ, եթե Ձեր բազմազբաղ քաղաքական առօրյայում Դուք ավելի շատ ժամանակ գտնեք՝ զբաղվելու մասնագիտական գործերով»,- նշեց նա՝ դիմելով ԲՀԿ-ին: