Արմեն Աշոտյանը՝ ոչ իշխանական ուժերի բառապաշարի մասին. Երբեմն չափը անցնում եք նաև այստեղ, մամուլում կատաստրոֆա է, ճգնաժամ, կայքերը չթվարկեմ
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ-ում «Կրթության մասին և բարձագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի քննադատությանը՝ ուղղված նախարարների բառապաշարին:
Արմեն Աշոտյանը նշեց, թե ինքը որպես խորհրդարանում միակ ներկա նախարար խոստովանում է, որ իրեն՝ որպես քաղաքական գործչի, դուր չի գալիս վերջին ժամանակներում օգտագործվող բառամթերքը:
«Եթե մի օր նեղություն տանք, նստենք, նայենք՝ մեկ տարվա ընթացքում իրար մասին ինչ բառերով ենք խոսում և ով է սկսում առաջինը խոսել… այո, կարող ենք նստել, պուպուշ դեմքերով ժպտալ, ոչինչ չասել, հետո գնալ ֆեյքերով, կեղծ կայքերով, պատվիրված հոդվածներով ինչ ասես գրել»,- նկատեց նախարարը:
Արմեն Աշոտյանը ասաց, թե երկիրը փոքր է, ուստի բոլորն էլ գիտեն՝ ով ում մասին ինչ է գրում: Նա հորդորեց «բառերի մեջ չափավոր» լինել, ապա, դիմելով ընդդիմությանը, ասաց.
«Եթե ձեզ հակազդում են՝ չեն հակազդում լավ կյանքից: Աշոտյան Արմենը չի ուզում գալ այստեղ և իր կողմից շատ սիրված ուսուցիչների, աշակերտների մոտ ինչ-որ բառ օգտագործել, որ հետո իրեն վատ զգա, որ երեխեքի մոտ նման բան է ասել: Բայց դուք էլ էդ զգացումը ունեցեք, սիրելի ընդդիմադիրներ, հարգելի գործընկերներ, ձևը գտել եք, այստեղ մի քիչ ավելի կոռեկտ եք, մի քիչ, թեպետ երբեմն չափը անցնում եք նաև այստեղ, մամուլում կատաստրոֆա է, ճգնաժամ, կայքերը չթվարկեմ»,- նախազգուշացրեց նա:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ տեղից արձագանքեց՝ կատակելով. «Ժամանակը որ բավարարեր, կթվարկեի՞ք, պարոն Աշոտյան: Մենք ձեզ հնարավորություն կընձեռենք թվարկել»: