Առաքել Մովսիսյանը սպառնում է հրապարակել այն ընդդիմադիրների նկարները, ովքեր ցանկացել են իրենց կողմն անցնել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը նախազգուշացնում է՝ կհրապարակի այն ընդդիմադիրների լուսանկարները, ովքեր ցանկացել են իրենց կողմն անցնել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Առաքել Մովսիսյանը՝ պատասխանելով մեր այն հարցին՝ ոչ իշխանական ուժերի կողմից Կառավարությանն անստահություն հայտնելու դեպքում ՀՀԿ-ից «առնետավազք» կսկսվի՞:

Միաժամանակ պատգամավորն ասաց, թե չի լսել, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները «առնետավազքի» մասին խոսեն. «Ես չեմ լսել, որ որևէ մեկը առնետավազքի մասին տենց բան ասի, բայց…»:

Ապա Առաքել Մովսիսյանը նախազգուշացրեց. «Չեմ ուզում շատ բան ասել՝ բոլորը մեզ մոտ են գալիս, հակառակը՝ չի լինի: Չեմ ուզում դրան անդրադառնամ, բայց իմ մոտ, որ մեկը տենց բան կասի՝ նկարն էլ կդնեմ դեմը ու կասեմ՝ որ ժամին, որ րոպեին ա ուզեցել էս կողմ գա, եղա՞վ»:

Նա վստահեցրեց, թե ՀՀԿ-ից ոչ ոք ընդդիմություն չի գնա: «Մեզնից ոչ մեկ չի գնա»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Դիտարկմանը, թե ըստ ոչ իշխանական ուժերի՝ խոսքը ոչ թե ճամբարը փոխելու մասին է, այլ նրա, որ ՀՀԿ-ական մի շարք պատգամավորներ հոգու խորքում գիտակցում են՝ կառավարությունը վատ է աշխատում, Առաքել Մովսիսյանն այսպես արձագանքեց. «Ուրեմն, եթե մի մարդ դժգոհ ա մի տեղից, բայց չի արտահայտվում, ինֆարկտը շուտ խփում ա, փչանում ա, պիտի մեջդ չպահես ոչ մի բան»:

Մեր հարցին, թե ՀՀԿ-ում չկա՞ մի պատգամավոր, որն իսկապես դժգոհ է կառավարությունից, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես արձագանքեց. «Ցավդ տանեմ, ես ոչ մեկի հետ էդ թեմաներվ չեմ խոսում, չեմ անդրադառնում: Ինձ ինչ հետաքրքրում ա՝ պրյամո ասում եմ»:

Հետաքրքրվեցինք, թե չի՞ եղել դեպք, որ կառավարության ղեկավարի կամ նախարարների հետ խոսի, իր մտահոգությունն արտահայտի, որ այս կամ այն քայլը սխալ է, Առաքել Մովսիսյանը պատասխանեց, թե ինքը դիմել է ու «չէ» պատասխանը չի ստացել:

«Ես ինչքան դիմել եմ վարչապետին, անկեղծ ասեմ, դեռ չի եղել պատասխան, որ «չէ» բառը լինի, օրենքով եմ դիմել ու չի եղել «չէ» բառը, բայց հո վարչապետը չպիտի՞ քո հարցերը լուծի… շատ-շատ պիտի դիմած լինեմ տարածքների համար, գյուղատնտեսության համար, խի՞ մենակ վարչապետին՝ գյուղապետարանին, տրանսպորտին՝ տրանսպորտի նախարարին, մարզպետին՝ իրա պազիցիաներով: Դիմում եմ ու տենց չի եղել, որ ասեն՝ չէ»,- հավաստիացրեց պատգամավորը:

Մեր հարցին, թե գոնե մի փոքր դժգոհ չե՞ք կառավարության աշխատանքից, չկա՞ մի բան, որ կցանկանայիք այլ կերպ լիներ, Առաքել Մովսիսյանը պատասխանեց. «Ո՞նց կարամ լրիվ գոհ լինել: Ի՞նչ ա նշանակում՝ գո՞հ ես: Աշխատում են՝ մենք էլ ինչ հարցերով դիմում ենք՝ մեկ ստացվում ա, մեկ չի ստացվում, բայց էդ դիմելով չպետք ա լինի, ինքնուրույն պետք է անեն: Դե հիմա չի կարելի լրիվ ասել, որ չեն անում, մի քիչ էլ պետք է նայեք հնարավորություններին, Արցախ աշխարհ կա ընդեղ, սահմաններ են պահում, էդ էլ պիտի հաշվի առնեք»:

Պատասխանելով հարցին, թե չե՞ք կարծում, որ եթե կառավարությունը փոխվի, Տիգրան Սարգսյանին փոխարինողը գուցե ավելի լավ աշխատի, Ա. Մովսիսյանը այսպես պատասանեց, թե առայժմ նման փոխարինողի չի տեսել: «Չեմ տեսել հլը, առայժմ»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս