Նոր մանրամասներ. Ինչից է բժիշկը ենթադրել, որ Վարդան Պետրոսյանը գտնվել է ալկոհոլային ազդեցության տակ՝ դնելով երկու հարցական նշաններ
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարից հետո լուրեր շրջանառվեցին, թե դերասանը վթարի ժամանակ եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում: Այսօր լրագրողների հետ հանդիպումից հետո Վ. Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դեպքի հետ կապված որոշ հանգամանքների վերաբերյալ տեղեկանքներ տրամադրեց լրագրողներին:
Դրանցից մեկը վերաբերում է նրան, թե ինչ վիճակում է գտնվել Վարդան Պետրոսյանը դեպքի ժամանակ: Տեղեկանքում նշված է, որ հենց դեպքի օրը գործով քննիչ Հայկ Հակոբյանի որոշմամբ «Նաիրի» բժշկական կենտրոնում արձանագրություն է կազմվել այն մասին, որ հետազոտության արդյունքում Արթուր և Հայկ Հակոբյանները, Վարդան Պետրոսյանը եղել են սթափ վիճակում:
Փաստաբանի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ 2013թ. հոկտեմբերի 23-ին քննիչը որոշում է կայացրել երկու ավտոմեքենաների վարորդներից՝ Վարդան Պետրոսյանից և Արթուր Հակոբյանից ստանալ մազի և արյան նմուշներ:
Նշանակվել է դատատոքսիկաքիմիական փորձաքննություն՝ պարզելու համար արդյոք Վարդան Պետրոսյանի և Արթուր Հակոբյանի արյան և մազի նմուշներում ալկոհոլի և թմրանյութի ազդեցություն կա՞, թե՞ ոչ, եթե՝ այո, ապա ինչ վաղեմության և ինչ քանակությամբ, արդյոք նրանք դեպքի օրը գտնվե՞լ են ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ: Ըստ տեղեկանքի՝ որոշ վկաներ հայտնել են, որ դեպքի օրը Վարդան Պետրոսյանն իրենց ներկայությամբ ալկոհոլ չի օգտագործել:
Ըստ տեղեկանքի՝ տոքսիկաքիմիական փորձաքննության եզրակացության համաձայն՝ Վարդան Պետրոսյանի արյան և մազի փորձանմուշների մեջ թմրամիջոցներ չեն հայտնաբերվել:
Վարդան Պետրոսյանից արյան փորձանմուշը վերցվել է դեպքից 9 օր հետո:
Նշված ժամանակահատվածում էթիլ սպիրտի առկայությունն արյան փորձանմուշի մեջ չէր կարող պահպանվել, այդ իսկ պատճառով Վարդան Պետրոսյանից վերցված արյան փորձանմուշն ալկոհոլի առկայության համար փորձաքննության չի ենթարկվել: Համաձայն փաստաբանի տրամադրած տեղեկանքի՝ հիվանդության պատմության մեջ բժիշկը նշել է. «Հիվանդը գանգատվում է կրծքավանդակի ցավերից և ընդհանուր թուլությունից, ըստ իր խոսքերի՝ ենթարկվել է ավտովթարի, գիտակցության կորուստ չի նշում, հիվանդը գտնվել է ալկոհոլային ազդեցության տակ (??) (վրայից ալկոհոլի հոտ էր գալիս)»:
Այդ նշումները հետագայում տեղ են գտնել նաև փորձագետի եզրակացության մեջ:
Ըստ տեղեկանքի՝ հետագայում այդ բժիշկը հարցաքննության ժամանակ նշել է, որ ընդհանուր վիճակը նկարագրելու ժամանակ ինքը նրա վրայից սպիրտի հոտ է զգացել, «իմ հարցերին քմծիծաղով ու կատակով էր պատասխանում», և ինքը մտածել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ, այդ իսկ պատճառով արձանագրել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ ու անմիջապես կողքը դրել երկու հատ հարցական, միաժամանակ նշել, որ նրա վրայից ալկոհոլի հոտ է գալիս:
«Չի բացառվում, որ նրա վրայից եկող սպիրտի հոտը լիներ Վ.Պետրոսյանին բուժօգնություն ցույց տալու ժամանակ նրա վերքերը և երակները մշակելու ժամանակ օգտագործված սպիրտի հոտը»,- ասված է տեղեկանքում:
Տուժողների ներկայացուցիչը, համաձայն տեղեկանքի, միջնորդել է դատաձեռագրաբանական փորձաքննություն նշանակել՝ պարզելու համար՝ երբ և ում կողմից են կատարված «հիվանդը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ», «վրայից ալկոհոլի հոտ է գալիս» գրառումները, ում կողմից և երբ են կատարված «հիվանդը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ» նախադասությանը հաջորդող երկու հարցականները, «հիվանդը գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ», նախադասությունը և վերջինիս հաջորդող երկու հարցականները միևնույն ժամանա՞կ են կատարվել, թե՞ ոչ, նույն գրիչո՞վ են կատարված, թե՞ ոչ, նույն անձի կողմից է կատարվա՞ծ, թե՞ ոչ: Քննիչը մերժել է միջնորդությունը՝ դրա անհրաժեշտությունը չլինելու պատճառաբանությամբ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի