Պաշտպան. Այդպես էլ ձեռք չբերվեց գոնե մեկ ապացույց, որը կհաստատեր, որ գոյություն էր ունեցել միասնական դիտավորություն

«Հարսնաքարի» գործով ամբաստանյալները երեկ առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման և 100 հազար դրամ տուգանքի:

Գործով ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպան Երեմ Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, թե քանի որ դեռ չեն ստացել դատավճիռը, չգիտեն՝ ինչ հիմնավորումներ է նշել դատարանը: «Բայց ընդհանուր առմամբ՝ արդեն իսկ կարելի է միանշանակ պնդել, որ ինչ էլ փորձած լինի դատավորը նշել, բոլորս էլ մասնակից ենք եղել քննությանը, միասին հետազոտել ենք ապացույցները, քրեական գործում այդպես էլ ձեռք չբերվեց գոնե մեկ ապացույց, որը կհաստատեր, որ գոյություն էր ունեցել միասնական դիտավորություն, իսկ այս դեպքում ամբաստանյալները մեղավոր էին ճանաչվել նաև այդ խմբի կողմից կատարված ծանրացնող կետով:

Հետևաբար այն մեղադրանքը, որը հաստատվել էր նախաքննական մարմնի կողմից՝ միասանական դիտավորույթյամբ մեկը մյուսի գործողությունները լրացնելով կատարել են այդ հանցագործությունը, դատարանը հաստատված է համարել նաև դա, քանի որ այդ հոդվածով է նաև մեղավոր ճանաչել: Այդ կապակցությամբ քրեական գործի ոչ նախաքննությամբ, ոչ դատաքննությամբ բացարձապես ձեռք չէր բերվել:

Ընդհակառակը, ես, իմ պաշտպանական ճառում վկայակոչումներ անելով հենց միայն տուժողների ցուցմունքներին, հստակ հիմնավորեցի, որ միասնական դիտավորությունը բացարձակապես բացակայել է:

Գոնե Նորայր Հայրապետյանի մասով միսանական դիտավորություն բացարձակապես չի եղել, որովհետև հենց Գարիկ Սողոմոնյանն ինքն էր հստակ նշում, որ Նորայր Հայրապետյանի հետ առանձին կանգնած են եղել, նույնիսկ չեն մոտեցել, Նորայրը խնդրում էր, որ գնան, հանգստացնում էր:

Վկայակոչել էի մյուս տուժողների ցուցմունքները, ովքեր նշում էին, որ նրանք իրենցից առանձին են կանգնած եղել, նշում էին, թե ինչպես է սկսվել վիճաբանությունը, ինչպես արձագանքվեց դրան: Այդ բոլոր հանգամանքները որևէ կերպ չէի վկայում միասնական դիտավորության մասին:

Այս դեպքում 113-րդ հոդվածի 2-րդ մասով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով բոլորին միանշանակ դատապարտելը, կարծում եմ, բացարձակապես անհիմն է: Ավելին ասեմ՝ այնպես չի լինում, որ լինեն վեց մեղադրյալներ, կատարած լինեն տարբեր գործողություններ, ունենան մեղմացնող ու ծանրացնող, անձը բնութագրող տարբեր հանգամանքներ, բայց միանշանակ որոշվի նրանց դատապարտել 12 տարվա ազատազրկման»:

Ե. Սարգսյանը նշեց, որ դատավճիռը բողոքարկվել է քրեական վերաքննիչ դատարան: Նրա խոսքով՝ դատաքննության ընթացքում հիմնավորվեց, որ որոշ ամբաստանյալներ ընդհանրապես մասնակցություն չեն ունեցել հանցագործության կատարմանը, սակայն այդ անձինք ևս դատապարտվեցին 12 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Նորայր Հայրապետյանը դատարանում տված լրացուցիչ ցուցմունքով հայտնել էր, որ ինքը հարվածել է Վահե Ավետյանին:

Տեսանյութեր

Լրահոս