ԲՀԿ-ական պատգամավորը՝ Դավիթ Սարգսյանին. Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործերին
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը քիչ առաջ խորհրդարանում անդրադարձավ երկու նախարարների՝ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի և Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի կողմից երեկ ԱԺ ամբիոնից հնչեցրած հայտարարություններին:
Հիշեցնենք, որ երեկ ՀԱԿ, ՀՅԴ, ԲՀԿ, «Ժառանգություն» խմբակցությունների պատգամավորները արտահերթ կարգով ԱԺ օրակարգ ընդգրկեցին «Կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13 թթ. ընթացքում ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր, տուգանքներ, արագաչափեր, նկարահանող սարքեր, վճարովի ավտոկայանատեղեր, Երևանի մարդատար ուղևորափոխադրումների ուղեվարձի թանկացում, չշահագործվող ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության տուգանքներ սահմանելու միջոցով թաքնված հարկային բեռը ուսումնասիրող» ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը:
ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը երեկ քննադատել էր ոչ իշխանական ուժերի փաստարկները՝ հանձնաժողովը ստեղծելու անհրաժեշտության վերաբերյալ:
Այսօր Ստեփան Մարգարյանը՝ դիմելով Հրայր Թովմասյանին, ասաց, թե ՀՀ արդարադատության նախարարը, ըստ էության, Սահմանադրության կամայական մեկնաբանություն է տալիս՝ հայտարարելով, թե ԱԺ-ն իրավունք չունի խառնվելու ՏԻՄ խնդիրներին:
«Մենք համաձայն ենք սրան, բայց չգիտես ինչու՝ նախարարը մոռացավ, որ ԱԺ-ն իրավունք ունի օրենքների կիրառմանն ու հետևանքներին անդրադառնալ: Կարծում եմ, որ ճիշտ չէ այսպես ներկայացնել քննարկվող հարցը»,- նշեց պատգամավորը:
Նա անդրադարձավ նաև ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի երեկվա պատասխան-հայտարարությանը: Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով արագաչափերի գործարկման հետևանքնով առաջացած գանձումներին, հայտարարել էր, թե Հայաստանում այս «ռեֆորմների» 70 տոկոս եկամուտը գնում է «բոլորիս հայտնի մասնավոր անձի գրպանը»՝ նրան անվանելով «ագահ թալանչիներ», ինչին Դավիթ Սարգսյանը հակադարձել էր՝ ասելով, թե ագահ թալանչիների չափանիշներին համապատասխանում է կազինո ունեցող անհատը:
Նախ Ստեփան Մարգարյանը նկատեց. «Պարզ չէ, թե ինչո՞ւ էր եկել Դավիթ Սարգսյանը, քննարկվող հարցից անտեղյակ, բայց քանի որ թույլ տվեց վիրավորել ԲՀԿ-ին, քառյակին, ես անդրադառնամ նրան ևս: Կարծես նորմ է դառնում, որ ամբիոնի մոտ հանդես է գալիս մի տեսակ տղայական պահվածքով, հոխորտում է, որ հետո իր շրջապատում ասում՝ տեսաք, ի՞նչ արեցի»:
Նա հորդորեց Դավիթ Սարգսյանին՝ մնալ չափի մեջ: «Մնա չափիդ մեջ ու մի խառնվիր մեծերի գործերին»:
Ստեփան Մարգարյանի խոսքով՝ Ֆինաների նախարարը միշտ էլ կարևոր դերակատարություն է ունեցել Կառավարությունում, ապա նշեց, թե Կառավարությունը Դավիթ Սարգսյանին տեղյակ չի պահել, որ կազինոների մասին այդ նախագիծը ներկայացրել է Կառավարությունը և նախարարն էլ, ԲՀԿ պատգամավորի խոսքով, «գլուխը կախ նախագծի օգտին քվեարկել է»:
Ինչ վերաբերում է Դավիթ Սարգսյանի հայտարարությանը, թե քառյակը թաքնվում է «Դեմ եմ» նախաձեռնության հետևում, ապա Ստեփան Մարգարյանը հավաստիացրեց, որ ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ քառյակի մյուս ներկայացուցիչները չեն թաքնվում նախաձեռնության հանրահավաքի հետևում:
Նա առաջարկեց հենց այս պահին գնալ ցանկացած բնակավայր ու տեղում համոզվել՝ ում են վստահում մարդիկ, ում չեն վստահում: Ս. Մարգարյանը հիշեցրեց, որ միայն ՀԱԿ-ի մարտի մեկյան հանրահավաքին տասնյակ հազավոր մարդիկ կային, ապա նշեց. «Էլ ուր մնաց, որ կազմակերպենք չորս ուժերով միասին… այնպես որ՝ խորհուրդ կտամ խոսելուց առաջ մտածել»: