Գալուստ Սահակյան. Կողքի շարքերում բավականին նստատեղեր կան, կարող է տեղափոխվել այնտեղ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վրեժ Մարկոսյանը փոխել է իր դիրքորոշումը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ. նա այլևս դեմ է պարտադիր բաղադրիչին: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Վրեժ Մարկոսյանը: «Ես մտածում եմ, որ ճիշտ կլինի, որ լինի ցանկությամբ. ոչ թե պարտադիր, այլ` ցանկությամբ»,- ասաց նա: Մեր հարցին, թե ընդդիմության փաստարկնե՞րն են համոզել Ձեզ հակառակում, Վրեժ Մարկոսյանը պատասխանեց. «Չէ, չէ, ոչ թե ընդդիմության, այլ` ժողովրդի: Բողոքում են մարդիկ, ես էլ հիմա ասում եմ` թող ցանկությամբ լինի, ոչ թե պարտադիր»:

Հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է պատճառը, որ ՀՀԿ-ական մյուս պատգամավորներն իր նման չեն մտափոխվում, չեն համոզվում, որ համակարգը բացասական ազդեցություն կարող է ունենալ Հայաստանի համար: Ի պատասխան` ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Չգիտեմ, ամեն մարդ պետք է մտածի իր խղճով, իր խղճի առաջ: Ես կոնկրետ որ մտածում եմ, որ իմ ժառանգորդները պետք է 40 տարով վճարեն… թող 40 տարի չլինի, թող 5 տարի լինի, 10 տարի լինի»: Ճշտող հարցին, թե` կարծում եք, որ

Կառավարությանը 40 տարով գումար վստահել չի՞ կարելի, Վրեժ Մարկոսյանը պատասխանեց. «Կարծում եմ` այո, ես գտնում եմ, որ պետք է լինի կամավոր»:

Նա նշեց, թե կփորձի իր գործընկեր ՀՀԿ-ական պատգամավորներին էլ համոզել, որ նրանք էլ իր կերպ մտածեն:

Կարդացեք նաև

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք, թե արդյոք մեծամասնության կազմում շա՞տ են Վ. Մարկոսյանի նման պատգամավորները: Ի պատասխան` Գալուստ Սահակյանը նշեց, թե Հանրապետական ցանկացած պատգամավոր կարող է իր տեսակետը ներկայացնել: Մեր դիտարկմանը, թե` այդ տեսակետը չի համապատասխանում խմբակցության դիրքորոշմանը, Սահակյանն արձագանքեց.

«Նման դեպքերում, եթե որևէ պատգամավոր ցանկանում է ինքը միայնակ հանդես գալ` դուրս խմբակցությունից, ավելի ազատ լինել իր տրամաբանության մեջ, ապա կարծում եմ, որ կողքի շարքերում բավականին նստատեղեր կան, կարող է տեղափոխվել այնտեղ»:

Մեր ճշտող հարցին, թե հիմա Վրեժ Մարկոսյանին տեղափոխելու եք «կողքի նստատեղերին», Գ. Սահակյանը պատասխանեց, թե ինքը նկատի չունի Վրեժ Մարկոսյանին:

Ըստ նրա` ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկում են այնպես, ինչպես որոշել է խմբակցությունը: Նա նշեց, թե նորմալ է համարում, որ ՀՀԿ-ում կարող են լինել պատգամավորներ, ում կարծիքը չի համապատասխանի խմբակցության դիրքորոշմանը:

Գալուստ Սահակյանի խոսքով` Վրեժ Մարկոսյանը նկատողություն չի ստանա խմբակցությունից` տարբերվող կարծիքի պատճառով:

Ամեն դեպքում, նա կրկնեց. «Մարդը ինքն է որոշում իր ճակատագիրը, իր վերաբերմունքը: Եթե նա ուզում է անկախ գործել… Հիմա մեծամասնության թիմը որոշել է, ուրեմն մարդը կամ պետք է կատարի, կամ պետք է գնա իր «անկախ դրսևորման» ճանապարհով»:

Ի տարբերություն Վրեժ Մարկոսյանի, Գ. Սահակյանն ասաց, թե իրեն փողոցում ծավալվող բողոքները չեն մտափոխել` ինքը շարունակում է մտածել, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը դրական կլինի Հայաստանի համար:

Տեսանյութեր

Լրահոս