Telcell-ը միացել է ֆինանսների նախարարության e-payments առցանց վճարումների համակարգին
Telcell-ի վճարային համակարգը միացել է ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգին: Այժմ հնարավոր է «Telcell» ՓԲԸ-ի պրոցեսինգային կենտրոնին միացած ավելի քան 1200 վճարման կետերից յուրաքանչյուրից վճարել վարչական տուգանքները, հյուպատոսական վճարները, պետական տուրքերը, հարկային պարտավորությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները:
«2014 թվականի զարգացման մեր ծրագրերում էր պետական վճարումների, հարկերի, տուգանքների վճարումը մեր ընկերության ինքնասպասարկող տերմինալների միջոցով կազմակերպելու գաղափարը: Քանի որ վճարային տերմինալներից օգտվողները չափազանց պահանջկոտ են ծառայությունների որակի և արագության հանդեպ, ի սկզբանե մեր առջև դրված խնդիրը դյուրին չէր: Նախ՝ անհրաժեշտ էր մեկտեղել ծառայությունները, երկրորդը՝ ապահովել վճարումների ակնթարթային գրանցումը: Ծրագրի տեխնիկական գնահատումից հետո պարզ դարձավ, որ ֆինանսների նախարարության e-payments համակարգին միանալը խնդրի առավել ժամանակակից և արդյունավետ լուծումն է: Մենք դիմեցինք նախարարություն, որտեղից ստացանք դրական պատասխան, համաձայնագիր կնքեցինք և միացանք պորտալին, ինչի շնորհիվ ծառայությունն այժմ հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում: Առավել քան համոզված եմ, որ հաճախորդները կգնահատեն պետական վճարումները առցանց ռեժիմով կատարելու իրենց ընձեռնված հնարավորությունը»,-ֆինանսների նախարարության հետ համագործակցության մեկնարկն այսպես մեկնաբանեց «Telcell» ՓԲԸ-ի տնօրեն Արամ Ազատյանը՝ հավելելով. «Ըստ էության, պետական վճարումների գործընթացը մենք դարձրել ենք նույնքան դյուրին, որքան բջջային հեռախոսի հաշվեկշռի լիցքավորումը: Գործողության վերջում վճարողը ստանում է վճարման անդորրագիր. բջջային հեռախոսի վրա ստանում է կարճ հաղորդագրություն գործարքի հատուկ կոդի մասին, որի միջոցով յուրաքանչյուր պահի www.e-payments.am կայքում կարող է ստուգել իր վճարման կարգավիճակը»:
«Ֆինանսների նախարարությունը պատրաստակամ է միշտ ձեռք մեկնել և իրագործել մասնավոր հատվածի համագործակցության առաջարկները, հատկապես երբ դրանք ուղղված են հանրությանը մատուցվող ծառայություններն առավել հարմար և հասանելի դարձնելուն: Այս համատեքստում ողջունում ենք Պետական վճարումների e-payments համակարգին միանալու Telcell-ի նախաձեռնությունը և կարծում ենք, որ մեր աջակցությունն ու համատեղ ջանքերն օգտակար կլինեն մեր քաղաքացիներին>>,- իր հերթին նշեց ֆինանսների նախարարության աշխատակազմի գործառնական վարչության պետ Ժիրայր Տիտիզյանը:
Պետական վճարումների e-payments առցանց համակարգը գործում է արդեն երկու տարի՝ հնարավորություն տալով քաղաքացիներին առցանց եղանակով առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու կատարել անհրաժեշտ վճարումները: Սկզբնապես այս համակարգի միջոցով հնարավոր էր վճարել պետական տուրքերը, տեղական տուրքերը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները, ինչպես նաև վարչական տուգանքները: Միևնույն ժամանակ e-payments-ը մշտապես համալրվում է նոր ծառայություններով և գործիքներով: 2013 թվականին հնարավորություն տրվեց անհատ ձեռներեցներին, մանր ու միջին ձեռնարկատերերին այս համակարգով վճարել հարկերը: Համակարգն ընդունում է նաև համայնքային վճարումներ, օրինակ՝ գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճարներ: Այժմ այս ծառայությունից կարող են օգտվել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների բնակիչները, առաջիկայում նախատեսվում է ներառել նաև մյուս համայնքները: