
Նորակոչիկը զորանոցում ածելիով զույգ նախաբազուկների շրջանում քերվծածքներ է արել

Դատարան է ուղարկվել ՊՆ N զորամասի զինծառայողի դեմ հարուցված քրեական գործը: 18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ ՊՆ զորամասի նորակոչիկների վաշտի ժամկետային զինծառայող, կոչումով շարքային` զորանոցում ածելիով զույգ նախաբազուկների շրջանում քերծվածքներ կատարելով` ինքն իր առողջությանը պատճառել է վնաս, որը հանգեցրել է նրա կողմից զինվորական ծառայության պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Այս մասին տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական համակարգից:
Նորակոչիկին մեղադրանք է առաջադրվել զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելու համար (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն (ՀՀ քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին մաս): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողության հանձնելը:
Եթե դատարանն ապացուցված համարի զինծառայողի մեղքը, նա կարող է պատժվել կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով: