Աշոտ Ադամյան. Այս կուտակայինը, ԱՊՊԱ-ն, կարմիր գծերը ավազակապետություն են
«Դեմ եմ» նախաձեռնությունն այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքից հետո երթ անցկացրեց, որից հետո կրկին վերադարձավ Ազատության հրապարակ, որտեղ ելույթ ունեցավ ռեժիսոր Աշոտ Ադամյանը:
Վերջինս հայտարարեց, որ ինքը նույնպես դեմ է կուտակային կենսաթոշակային պարտադիր համակարգին, ապա շեշտեց, որ իրենց «խրտնացնում է, երբ ինչ-որ մեկը կարող է թելադրել՝ դրսից, թե որտեղից, ինչպիսին պետք է լինի երկիրը»:
Նման մարդկանց Աշոտ Ադամյանը խոսք ուղղեց՝ ասելով. «Առը…»:
Ըստ նրա՝ քաղաքացիները պետք է որոշեն՝ ինչն է օգտակար, ինչը՝ ոչ: «Կուտակայինի հետ կապված որևէ բացատրություն չեմ կարող տալ, որովհետև տնտեսագետ չեմ, գլխի եմ ընկնում, որ վատ է ու մի բան գիտեմ, որ 40 տարով փող տալ գող-ավազակին չի կարելի: Մի ժողովրդի զավակ եմ, որն ունի խոսք՝ յա էշը կմեռնի, յա էշատերը: Դժվար, տխուր է այդպես ապրելը, երբ էշը կարող է սատկել»,- նշեց նա:
Ըստ նրա՝ եթե կուտակվող գումարը լիներ անգամ 0.1 տոկոսի չափով, ինքը կրկին դեմ կլիներ, որովհետև 0.1 տոկոսն էլ մարդկանց գումարն է:
«Եթե ես իմ խղճուկ պենտիումի վրա դնեմ մի հզոր ծրագիր, միանգամից կխփի: Եթե ես մտադիր եմ դնել մի ծրագիր, որը կմարսի իմ ծրագիրը, ուրեմն՝ համակարգիչս պետք է այդքան զարգացած լինի: Այս կուտակայինը, ԱՊՊԱ-ն, կարմիր գծերը ավազակապետություն են, որովհետև դրանք դրվում են հին պենտիումի վրա: Եթե մենք լինեինք Հոլանդիա, գուցե այս ծրագրերը աշխատեին, բայց մենք Հոլանդիա չենք, համակարգը ի զորու չէ, չի աշխատի»,- հայտարարեց նա:
Վերջում Ադամյանը շեշտեց, որ ինքը որևէ կուսակցության չի պատկանում և պարզապես դեմ է այդ համակարգին:
Լուսանկարը՝ Աշոտ Ադամյանի ֆեյսբուքյան էջից