Քեթրին Լիչ. Մենք համաձայն չենք այն ձևակերպմանը, որ Ղրիմի հանրաքվեն մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորում էր
«Մենք համաձայն չենք այն ձևակերպմանը, որ Ղրիմի հանրաքվեն մարդկանց ազատ կամարտահայտման դրսևորում էր: Բայց մենք նաև գիտենք, որ նախագահ Սարգսյանը հղում է կատարել ՄԱԿ-ի կանոնադրությանը և կարևորել, որ ճգնաժամը պետք է լուծվի միջազգային իրավունքին համաձայն: Ուստի մենք ողջունում ենք Հայաստանի դիրքորոշման այս հատվածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչը` անդրադառնալով Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտնած դիրքորոշմանը:
Դեսպանը հիշեցրել է Միացյալ Թագավորության վարչապետի և արտգործնախարարի հայտարարությունները, որ Բրիտանիան չի ճանաչում Ղրիմում անցկացված հանրաքվեի արդյունքները:
«Մենք չենք ճանաչում Ղրիմի հանրաքվեի արդյունքները և Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի անեքսիան, մենք չենք հավատում, որ այն մարդկանց ազատ կամքի արտահայտում էր, և չէր էլ կարող ազատ և արդար լինել, եթե իրագործվել է երկու շաբաթվա ընթացքում` ռուսական զորքերի մասնակցությամբ` առանց ազատ լրատվամիջոցների և ազատ քարոզարշավի»,- նշեց Ք. Լիչը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես կանդրադառնա այս հարցում Հայաստանի դիրքորոշումը Եվրամիության հետ հետագա հարաբերությունների վրա, դեսպանն ասաց, թե, չնայած սեպտեմբերի 3-ի որոշմանը, ԵՄ-ն դեռևս պատրաստակամ է աջակցելու Հայաստանին` մարտահրավերներին դիմակայելու հարցում:
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթում: