Վահան Բաբայանը՝ Տիգրան Սարգսյանին. Թող ինքը գա այստեղ և տեսնի թե ինչքան մարդ կա

Ազատության հրապարակում «Դեմ եմ» նախաձեռնության հանրահավաքի ժամանակ ԲՀԿ անունից ելույթ ունեցավ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը: Անդրադառնալով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին երկխոսության հրավիրելու առաջարկին, նա  հայտարարեց, որ ոչ թե իրենք պետք է գնան Կառավարություն երխոսելու, այլ՝ վարչապետը պետք է գա Ազատության հրապարակ:

«Առանց համախմբման այլևս հնարավոր չէ այս երկրում ոչինչ փոխել, թող ինքը գա այստեղ և տեսնի թե ինչքան մարդ կա այստեղ, թող աչքերը բացեն և տեսնեն, որ ժողովուրդը միասնական է, և այդ ժողովրդին հաղթել չի լինի»,- ասաց պատգամավորը:

Վահան Բաբայանը հայտնեց, որ ինքը երեկ է վերադարձել սահմանային գյուղերից, որտեղ բնակիչներն ասել են, թե իրենք ևս մեծ ցանկություն ունեն միանալու այս պայքարին: Նա հայտարարեց, որ միայն կուտակայինը չէ, որին դեմ է մեր ժողովուրդը, ապա՝ դիմելով իշխանությանը, նշեց. «Թող հիմա նայեն այն պաշտոնյաները, ովքեր իրենց կաբինետներից դուրս չեն գալիս, թող տեսնեն, թե ինչքան միասնական է ժողովուրդը: Ես չեմ ուզում այստեղ հնչեցնել քաղաքական այլ հայտարարություններ, բայց որ պարտադիրը պետք է ոտքը քաշի, հեռանա, դա պարտադիր է: Այս ռեկետը վերջապես պետք է տապալվի: Նորից կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր նայում են այս ամենին՝ ընդամենը մեկ օրում, մեկ ժամում հավաքվել մեկ տեղ և վերջը կգա այս ամեն ինչի»:

Տեսանյութեր

Լրահոս