«Քննիչն այդ գործն ավելի երկար է քննում, քան Հոկտեմբերի 27-ի գործն է քննվել». Հ.Ալումյանը՝ Ս.Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցածի մասին
Քրեական վերաքննիչ դատարանն այսօր քննեց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքը: Բուդաղյանների փաստաբանը վերաքննիչ դատարան է բողոքարկել առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատավորը կասեցրել է Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի, նրա թիկնապահի՝ Զարզանդ Նիկողսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումների դեմ իր բողոքների քննությունը:
Այսօր դատարանում Հայկ Ալումյանն ասաց, որ առաջին ատյանի դատարանը, ամիսներ շարունակ ձգձգելով իր բողոքների քննությունը, ի վերջո եկավ այն եզրահանգման, որ դրանց քննությունն անհնարին է առանց քրեական գործի բոլոր նյութերի:
Փաստաբանի խոսքով՝ դա հասկանալու համար անհրաժեշտ էր ընդամենը կես ժամ: Հայկ Ալումյանն ասաց, որ դատարանը, նշելով, թե իր բողոքների քննությունն անհնարին է առանց քրեական գործի բլոր նյութերի, որոշում է կայացրել իր բողոքների քննությունը կասեցնելու մասին:
«Դատարանն արեց մի բան, որն առաջին անգամ է հանդիպում Հայաստանի դատական պրակտիկայում: Փոխանակ քննիչից պահանջի քրեական գործի նյութերը, ինչը միշտ արվել է, այս անգամ կրկին հասկանալի պատճառներով, նկատի ունենալով այս գործի առանձնահատկությունները, և այս գործի ստվերային մասը, դատարանը այս գործով գնաց օրենքին, ստեղծված դատական պրակտիկային, տրամաբանությանը հակառակ:
Քննիչի կողմից քրեական գործի նյութերը չներկայացնելը դիտեց որպես անհաղթահարելի ուժ իմ բողոքների քննության համար: Ստեղծվեց մի իրավիճակ, որը ոչ օրենքով է նախատեսված, ոչ էլ տեղավորվում է նորմալ տրամաբանության մեջ:
Այսինքն՝ ոչ միայն իմ բողոքները կբավարարվե՞ն, թե՞ ոչ, անգամ կքննվե՞ն թե՞ ոչ՝ կախված է քննիչից: Այսինքն՝ ինչքան քննիչը կձգձգի նախաքննությունը, այնքան իմ բողոքները չեն քննվի»,- դատարանում ասաց Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով՝ այս քրեական գործով հնարավոր դարձավ այն, ինչ հնարավոր չէր լինի այլ գործով: Փաստաբանն ասաց, որ չի կարելի «իջեցված պատվերի պատճառով այս աստիճան աղավաղել օրենքն ու դատական պրակտիկան, այս աստիճան իրավազուրկ դարձնել տուժող կողմին»: Հ. Ալումյանի խոսքով՝ դատարանն ընդհանրապես չէր կարող կասեցնել իր բողոքների քննությունը, պետք է քննիչից պահանջել դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը:
Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ դեպքը տեղի է ունեցել 2013թ. հունիսին, և նախաքննությունը շարունակվում է մինչ այժմ, ընդ որում՝ քննվում է՝ արդյոք Արտակ Բուդաղյանը դեպքի օրը սպառնալիքներ տվե՞լ է, թե՞ ոչ: Փաստաբանի խոսքով՝ դա արվում է միտումնավոր, որպեսզի քրեական գործի նյութերը չտարվեն դատարան, «դատարանն էլ քննիչի այդ քմահաճույքը անհաղթահարելի ուժ համարի»:
«Քննիչն այդ քրեական գործն արդեն ավելի երկար է քննում, քան Հոկտեմբերի 27-ի գործն է քննվել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Քննիչ Ալեքսան Ղազարյանը դատարանում ասաց, որ առաջին ատյանի դատարանն իրավունք չուներ կասեցնելու բողոքների քննութունը՝ առաջնորդվելով ՀՀ քրեական օրենսգրքի 31-րդ հոդվածով: Նա նշեց նաև, որ չկա որևէ հոդված, որը քննիչին պարտավորեցնում է կամ էլ իրավունք է տալիս քրեական գործի նախաքննության ընթացում ներկայացնել գործի բոլոր նյութերը:
Քանի որ դատական նիստերի դահլիճում այլ նիստ էր նշանակված, դատավորը որոշեց հետաձգել դատական նիստը. հաջորդ նիստը տեղի կունենա ապրիլի 7-ին, ժամը 13:30-ին: