
Ժվանիայի դիակի մասին տեսանյութը տարածել է Վրաստանի կառավարությունը. Սաակաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վրացի լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ չի մասնակցում կեղտոտ ինտրիգների: Սաակաշվիլին այդ կերպ է մեկնաբանել համացանցում տարածված այն կադրերը, որոնք առնչվում են Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի և Ռաուլ Յուսուպովի դիակներին:
Սաակաշվիլիի խոսքերով՝ այդ տեսանյութը տարածել է Վրաստանի կառավարությունը: Սաակաշվիլին հիասթափություն է հայտնել, որ միջազգային արենայում Վրաստանի համար ստեղծված ներկայիս պայմաններում, առկա կոնկրետ ռիսկերի պայմաններում, ինչ-որ մեկը ցանկանում է երկրի ներսում իրագործել քաղաքական մանր առաջադրանքներ:
Սաակաշվիլին ընդգծել է, որ նման մոտեցումը քանիցս կործանարար հետևանքներ է ունեցել Վրաստանի համար, որը հայտնվել է զավթիչների ձեռքերում: Սաակաշվիլին իր զարմանքն է հայտնել, թե քանի անգամ Վրաստանը կարող է կրկնել նույն սխալը: