
Իրանի տրամադրած դրամաշնորհով Մեղրիում և Ագարակում գազի բաշխման ցանց կկառուցվի

Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել են Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը տրամադրել է 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման ցանցի կառուցման համար: Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի և պարտադիր վճարի հետ կապված ծախսերը: Այժմ ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը: Այսօրվա նիստում կառավարությունը սույն ծրագիրը 2014թ. պետբյուջե ներառելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել պետբյուջեում և իր որոշմամբ հաստատված համապատասխան ցուցանիշներում: Որոշման նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն:
Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրն ապահովել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրված վարկի մայր գումարի մարման գծով կառավարության ստանձնած պարտավորության ամբողջական կատարման համար անհրաժեշտ ֆինանսավորումը: